Ծայրահեղականները դեկտեմբերի 1-ին հարձակում էին պլանավորում Փարիզում

Հինգ կասկածյալներից բաղկացած խումբը, որոնք անցած հանգստյան օրերին ձերբակալվել էին Ստրասբուրգում եւ Մարսելում, կապված էր «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբագորման հետ եւ նրանից հրահանգներ էր ստանում ծածկագրված կապուղիներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, հայտնել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլանը:

Դատախազի խոսքով՝ Ստրասբուրգում կասկածյալների բնակարանները խուզարկելիս հայտնաբերվել են հրահանգներ պարունակող տեքստեր, որոնք «պարզորոշ ապացուցում են ձերբակալվածների մասնակցությունը ԻՊ-ին եւ փառաբանում նահատակի մահը»:

Այդ հրահանգները, դատախազի խոսքով՝ ձերբակալվածներն ստացել են «իրաքա-սիրիական տարածաշրջանից ծածկագրված հավելվածների օգնությամբ»:

Հետաքննությունը պարզել է, որ կալանավորվածները պլանավորոմ էին հարձակում կատարել դեկտեմբերի 1-ին եւ այդ նպատակով ուսումնասիրել Էին շուրջ տասը հնարավոր վայրեր, ներառյալ փարիզյան «Դիսնեյլենդը» եւ Ելիսեյան դաշտերը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստրասբուրգում եւ Մարսելում ձերբակալվել են Աֆղանստանից, Մարոկկոյից սերվածներ եւ բնիկ ֆրանսիացիներ, որոնք 29-ից մինչեւ 37 տարեկան են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում