«Մեսրոպ Մաշտոցը մեդա՞լ է ստացել Հրանուշ Հակոբյանից… Հետմահու»
Նմանատիպ
Սոցցանցերում քննարկում են Սփյուռքի նախարարության հիմնած նոր մեդալը
ՀՀ Սփյուռքի նախարարությունն այսօր ներկայացրել է նոր՝ «Մայրենիի դեսպան» մեդալը: Ինչպես իր խոսքում նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը, նոր մեդալով պարգևատրվելու են բոլոր այն մարդիկ, ովքեր մեր լեզվի անաղարտության համար մեծ գործ են անում: Մեդալի առաջին օրինակը նախարար Հրանուշ Հակոբյանը ի պահ հանձնեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու թանգարանին: «Այսօր մենք հանձնում ենք այդ մեդալի առաջին օրինակը ի պահ այս թանգարանին»,- Օշականում հայտարարեց նախարարը: Լրագրողների այն ճշտող հարցին, թե արդյո՞ք Մեսրոպ Մաշտոցն առաջին մեդալակիրն է, Սփյուռքի նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ այդ խորհուրդն ունի, կրում է իր մեջ, բայց պահվում է այս համալիրում որպես խորհրդանիշ՝ մայրենի լեզվի դեսպանի»:
Նշենք, որ Հրանուշ Հակոբյանի այս որոշումը դժգոհության մեծ ալիք է առաջացրել Facebook սոցիալական ցանցի մի շարք օգտատերերի շրջանում: Այսպես, Հարություն Մկրտչյանը գրել է, որ Մեսրոպ Մաշտոցը մեդալ է ստացել Հրանուշ Հակոբյանից: «Ասածս կատակ չի, քիչ առաջ Օշականում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Մայրենիի դեսպան» նորընծա մեդալով հետմահու պարգևատրել է Հայոց Գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին», – գրել է օգտատերը՝ ավելացնելով, որ իրականում «մեդալը տվել են Մեսրոպ Մաշտոցին, ինքն առաջին պարգևատրվողն ա, ու հանձնել են տուն թանգարանին, հիմա Սփյուռքի նախարարությունը փձորձում ա հարձակման ենթարկի ինձ, բայց ես թքած ունեմ իրանց վրա….»:
Իսկ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ մեկնաբանություններից մեկում գրել է, որ պետք է գոհ լինել, որ «Մեսրոպ Մաշտոց» մեդալով չեն պարգևատրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում