Երևանում անցկացված աշխատանքի տոնավաճառում ներկայացվեցին 200-250 աշխատատեղեր

«ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան կազմակերպել են աշխատանքի տոնավաճառ դեկտեմբերի 2-ին Երևանում։ 

«ԱՐՄԱԿԱԴ» ընկերության տնօրեն Խաչիկ Գևորգյանի խոսքով` արդեն հինգերորդ տարին է և վեցերորդ անգամ, որ կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ Երևանում։ «Միշտ շատ լավ արդյունքներ ենք գրանցել։ Հիմնականում չէինք հաշվում, թե ովքեր են անցնում աշխատանքի և որ ընկերություններում, քանի որ բավականին դժվար է։ Անցյալ տարվա շատ մեծ տոնաճառի արդյունքները փորձեցինք ամփոփել: 200-250 թափուր աշխատատեղ լրացվել էր մեր տոնավաճառի շնորհիվ»,– նշեց տնօրենը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգյանը նշեց, որ այս անգամ կա երկու գործընկեր՝ Teach for Armenia հիմնադրամը և Business support center ընկերությունը։

Teach for Armenia ընկերությունն ունի 45 ուսուցչի թափուր հաստիք Հայաստանի 5-6 մարզերի դպրոցներում։ Business support center-ը ներկայացնում է մի ծրագիր, որը կոչվում է Quick start։ Այն նոր ավարտած ուսանողներին ուղղություն է ցույց տալիս, թե ինչպես կարելի է զարգացնել սեփական կարիերան։

Teach for Armenia հիմնադրամի հավաքագրման և ընտրության տնօրեն Թենի Ավագյանը ներկայացրեց իրենց արված հետազոտությունները։ Ըստ դրանց՝ ուսումնասիրությունների հիմնականում մարզերում կա շատ ցածր առաջադիմություն, երեխաները մոտիվացված չեն սովորելու համար, 30 աշակերտից, ընդամենը 8-ն է ցանկանում դպրոցից հետո շարունակել և ստանալ բարձրագույն կրթություն և այլ խնդիրներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասաց, որ այս տվյալները զուտ սուբյեկտիվ են և պաշտոնական վիճակագրություն չեն ներկայացնում։

«Մենք անց ենք կացնում դասընթացներ, բոլորվին անվճար։ Դրանք տևում են հինգ շաբաթ, ապա ուղարկում ենք դպրոց աշխատանքի և ամեն ամիս մենք ձեզ վճարում ենք աշխատավարձ։ Սա ամբողջությամբ փոխհատուցվող առաջնորդության զարգացման ծրագիր է դասավանդելու միջոցով։ Դուք դասավանդում եք երեխաներին, փոխանցելով ձեր գիտելիքները, դրա դիմաց ստանում եք մեր ունեցած գիտելիքները»,- ասաց Թենի Ավագյանը։

Teach for Armenia հիմնադրամի հավաքագրման և ընտրության տնօրենը հավելեց, որ նրանք ունեն հուշագիր Կրթության և գիտության նախարարության հետ, որը թույլ է տալիս, որ նրանց մասնակիցները մուտք գործեն դպրոց: «Եթե դուք չունեք մանկավարժի որակավորում, ապա մենք բոլոր մասնակիցներին ընդգրկում ենք մեզ հետ համագործակցող համալսարաններից մեկում և դուք զուգահեռ ստանում եք մագիստրոսի կոչում կրթության ոլորտում։ Դուք սովորում եք անվճար, քանի որ բոլոր ծախսերը հոգում է մեր կազմակերպությունը»,- նշեց Ավագյանը։

Աշխատանքի տոնավաճառի նպատակն է ստեղծել հարմ արավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար։

Տոնավաճառին մասնակցում են 20 կազմակերպություն՝ առաջարկելով 200-ից ավելի թափուր աշխատատեղեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում