Ոստիկանները փորձեցին կասեցնել «Ժառանգության» երթը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր 17:00-ից Երեւանի Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության անդամներն ու ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցան համակիրների հետ:
Հանրահավաքն արդեն ավարտվել է:

Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր ամփոփիչ խոսքում դիմեց հավաքված մարդկանց’ առաջարկելով հանրահավաքն ավարտել քայլերթով’ Ազատության հրապարակից, Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ, իսկ այնտեղից’ Ամիրյան փողոցով ու Մաշտոցի պողոտայով’ մինչեւ նորից Ազատության հրապարակ:

Երթը, սակայն, անխափան չանցավ: Արդեն Թումանյան փողոցում’ Հանրապետության հրապարակի մոտ, ոստիկանության աշխատակիցները փորձեցին կասեցնել այն: Ոստիկանությունը երթը որակեց որպես օրենքին հակասող. երթի մասին նախապես ծանուցված չի եղել: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Երեւանի փոխքաղաքապետ Վալերի Օսիպյանի բանակցությունից հետո Հովհաննիսյանի առաջարկն ընդունվեց, եւ բազմությունը շարունակեց իր խաղաղ երթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում