Մարզպետի հրաժարականը լավ քեֆով նշել է Վարդան Ղուկասյանը. մամուլ

«Առավոտը» գրում է. «Երեկ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից անմիջապես հետո մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ այս փաստից ամենաշատը ոգևորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Պատճառը միայն այն չէ, որ նախկին քաղաքապետը փորձում է նորից պաշտոնի գալ ու տարածում է, որ ինքն է ապագա մարզպետը, այլև այն, որ Գիզիրյանին է մեղադրում իր պաշտոնանկ լինելու մեջ: Ըստ որոշ գյումրեցիների՝ երեկ նախկին քաղաքապետը կենդանի երաժշտության ներքո նշել է Գիզիրյանի հրաժարականը: Մեծ քեֆ է արել իրեն պատկանող «Օազիս» ռեստորանում՝ հայտարարելով, որ իր Աստվածն ամենազորն է՝ տեսա՞ք ոնց պատժեց չարքերին: Թե ո՞վ կփոխարինի գեներալ Գիզիրյանին մարզպետի պաշտոնում՝ երկու անուն է շրջանառվում՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ծանրամարտի չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի: Նշենք, որ երկուսն էլ շահագրգիռ են Գիզիրյանի աթոռը զբաղեցնելու հարցում: Ի դեպ, մինչ Վարդան Ղուկասյանը «Օազիս»-ում քեֆ էր անում՝ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները ողբ էին կապել՝ լսելով գեներալի հրաժարականի մասին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում