ԱՄՆ կոնգրեսական. «Սպասում եմ այն օրվան՝ երբ Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ճանաչված պետությունների շարքում»

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, ով հանդիսանում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ:

«25 տարի առաջ ձեր ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց հանուն ազատության և արժանապատվության՝ ընդդիմանալով հպատակմանը բռնատիրական ցանկացած կառավարության:

Արցախն իր ճանապարհին տարբեր ծանր փորձությունների է անցել: Սակայն Ձեր ժողովուրդը թույլ չի տվել, որ այդ փորձությունները կոտրեն իր կամքն ու արժանապատվությունը:

Սումգայիթյան ողբերգութունն ու Ադրբեջանի այլ քաղաքներում իրականացված ոճրագործությունները 25 տարի առաջ ապացուցեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրության արժանապատվությունը՝ ինքնիշխան ժողովրդավարություն հիմնելու ճանապարհով սեփական ինքնությունը պահպանելու հարցում», – մասնավորապես նշվում է ուղերձում:

Ամերկացի կոնգրեսականը նաև վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակել աջակցությունը Արցախի ժողովրդին միջազգային ճանաչման գործում. «Ես անհամբեր սպասում եմ այն օրվան՝ երբ Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ճանաչված պետությունների շարքում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում