Ս.Օհանյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ

Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ փետրվարի 23-ին «Հաղթանակ» զբոսայգի են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին’ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: Միջոցառումն ավարտվել է հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով:

Փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ձևավորված ավանդույթի համաձայն, այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում