Ռուբիկ Հակոբյանը ներողություն խնդրեց խորհրդարանից
Նմանատիպ
«Երեկ իմ մասնակցությամբ շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել խորհրդարանում: Ցավ եմ զգում, որ այդ պատճառով որոշ կայքէջեր, սոցիալական ցանցեր ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին՝ խորհրդարանին ոչ հարիր միջադեպի համար»,- Ազգային ժողովում նիստի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, գրում է panorama.am-ը:
Նա նշեց, որ պետք է տարբերակել լրագրությունն ու խուլիգանությունը, ապա հավելեց. «Հարգելի լրատվական դաշտ՝ ճիշտ եք անում, որ քննադատում եք բռնությունը, բայց կխնդրեի նաև, որ այն լրագրողները, ովքեր թերթի, խմբագրի պատվեր են կատարում, մի քիչ ուսումնասիրեք՝ իրավունք ունե՞ն զբաղվել լրագրությամբ»:
«Կրկին անգամ ներողություն հարգելի խորհրդարան, որ այդ միջադեպի պատճառով ոչ դրական որոշ գնահատականներ են հնչել խորհրդարանի անվան հետ կապված»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Նշենք, որ նախօրեին «Հրապարակ» կայքը գրել էր, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածել և հայհոյել է «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում