Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը շնորհավորական ուղերձ է հղել Ս.Սարգսյանին
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը:
«Ձերդ Գերազանցություն,
Մեծարգո Սերժ Ազատի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդի՝ Ձեր նկատմամբ կրկին ցուցաբերած վստահությունը վկայում է պետության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նախկինում Ձեր իրականացրած աշխատանքների բարձր գնահատականի մասին:
Վերջին տարիներին Հայաստանը հաստատուն կերպով ընթանում է տնտեսական և սոցիալական զարգացման ճանապարհով: Շատ բան է արվել նաև Անդրկովկասում կայունության ամրապնդման համար: Ուրախալի է տեսնել Ձեր ձգտումը՝ տարածաշրջանում առկա հիմնախնդիրները լուծելու ոչ թե ուժային, այլ դիվանագիտական միջոցներով:
Հատուկ կցանկանայի ընդգծել հայ ժողովրդի և Ռուս Ուղղափառ եկեղեցու կողմից ուղղորդվող ժողովուրդների միջև այսօր հաստատված լավ հարաբերությունները:
Հուսալով, որ մեր կառուցողական փոխգործակցությունը շարունակական կլինի՝ սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, Աստծո օգնությունը և հաջողություններ առաջիկա աշխատանքներում»,-ասված է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի շնորհավորական ուղերձում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում