ԱԺ նիստն այնքան էլ հանգիստ չի սկսվել

Այսօր Ազգային Ժողովում մեկնարկել է հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի քառօրյա նիստը: Քննարկման է դրվել ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը սակայն ուշադրությունից դուրս մնաց: Պատգամավորները սկսեցին խոսել փետրվարի 18-ին կայացած ընտրություններից.

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ ընտրություների հետևանքով քաղաքական ճգնաժամ է ձևավորվել: Նա նաև առաջարկել է նիստը սկսել ԿԸՀ-ին հրավիրելով խորհրդարան:

Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր հերթին նշել է. «Շնորհավորում եմ, մենք կարողացանք բռնազավթել չարը: Սա ազատ, անկախ Հայաստանի ծրագիրն է»:

Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ է արել խոսել ըստ կանոնակարգի:

Այնուհետև Ժառանգություն խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից շնորհավորել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչի հակադարձել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը. «ՀՀ նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը, ամբողջ պրոցեսները չեմ ուզում այստեղ նկարագրել, բայց չարի վերջը գալու է, այնպես որ քիչ չարություն արեք»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին խորհուրդ է տվել զոռբայություններին վերջ տալ և ընդունել ընտրությունների արդյունքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում