Փոխոստիկանապետն ուսանողներին զգուշացրել է հնարավոր պատասխանատվության ենթարկվելու մասին

Այն բանից հետո, ինչ դասադուլ անող ուսանողների առջև այդպես էլ չբացվեցին Տնտեսագիտական համալսարանի բակի դռներ, ուսանողները «Ամոթ» և «Ազատություն» կոչերով շարժվել են դեպի  Բժշկական համալսարան:

Բժշկական համալսարանի ուսանողներից մեկը ցատկել է փակ դարպասի վրայով, բուռն ողջույններով միացել ցուցարարներին:

Հաջորդ կանգառը ԵՊՀ տնտեսագիտության, պատմության, աստվածաբանության, մշակութաբանության ֆակուլտետների մասնաշենքն էր, որտեղ  նույնպես մի քանի ուսանողներ միացել են:

Դասադուլի մասնակցողների թիվն աստիճանաբար ավելանում է և արդեն անցնում է հազարը։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մասնակիցներին զգուշացրել է, որ նրանք օրենք են խախտում, և շարունակելու դեպքում հնարավոր է պատասխանատվության ենթարկվեն ցույցի կազմակերպիչները:

«Մենք ՀՀ ուսանողներս պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»,- նշել են ակցիայի մասնակիցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում