210.000-ից ավելի մարդ արդեն դիտել է Խոջալուի դեպքերի մասին պատմող ֆիլմի անգլերեն տարբերակը
Նմանատիպ
Ինչպես արդեն հաղորդել ենք, մոտ մեկ շավաթ առաջ հանրությանն էր ներկայացվել «Սովի և կրակի միջև. իշխանություն՝ կյանքերի գնով» փաստավավերագրական ֆիլմի անգլերեն տարբերակը, որը պատմում է Ստեփանակերտի շրջափակման, ռմբակոծությունների, ավերածությունների ու մարդկային ճակատագրերի խեղման, ինչպես նաև Խոջալուի ու շրջակա բնակավայրերից ադրբեջանական կրակակետերի լռեցման մասին:
Մոտ 90 րոպե ընդհանուր տևողությամբ այդ ֆիլմը YouTube ցանցում արդեն գրանցել է մոտ 210.000-ից ավելի դիտում:
Ֆիլմում առաջին անգամ հրապարակվող արխիվային փաստաթղթերի, լուսանկարների, հարցազրույցների ու քարտեզների միջոցով վերականգնված պատմական իրադարձությունները նոր փաստական հանգամանքներ են ներկայացնում՝ տարիներ ի վեր սեփական հասարակությունում և միջազգային հանրության շրջանում հակահայ, ռասիստական քարոզչությամբ «Խոջալուի իրադարձությունների» վերաբերյալ ադրբեջանական վարկածի դեմ:
Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան կայացել է 2012-ի մարտի 1-ին: Ֆիլմում ներկայացված են ղարաբաղյան հակամարտության ընթացքում Ստեփանակերտի շրջափակման ճեղքման և Աղդամի ուղղությամբ ռազմական օպերացիայի (այսպես կոչված՝ «Խոջալուի դեպքերի») հետ կապված մանրամասներ:
Ֆիլմի ստեղծման աշխատանքներն իրականացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը»:
Փաստավավերագրական մեծաքանակ նյութերի շնորհիվ’ ֆիլմը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն լայն հասարակության, այլ նաև հետազոտական շրջանակների համար: Իսկ այն նյութերը, որոնք հավաքվել են Ադրբեջանի կողմից վերահսկվող Աղդամում զոհված խաղաղ բնակչության և հայաբնակ Ստեփանակերտի բնակչության ողբերգական մահվան հանգամանքների ուսումնասիրության արդյունքում’ հիմք են դարձել այս մեծածավալ նախագծի ստեղծման համար, որը նպատակ ունի լույս սփռել ադրբեջանցիների կողմից ավանդաբար կիրառվող մանիպուլյացիաների և շահարկումների վրա, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչությանը իրենց պատմական հայրենիքից տեղահանելու Բաքվի կողմից կիրառվող փորձերի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում