«Ունեցավ գոնե նվազագույն տղամարդկություն». Ր.Հովհաննիսյանը ողջունել է Արմավիրի քաղաքապետի հրաժարականը

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր հավաքների շարքը մեկնարկել է Արամավիր քաղաքից: Օրվա ընթացքում նա կլինի Արմավիրի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի քանի համայնքներում, փոխանցում է Panorama.am-ը:

«Արմավիրը հավատաց մեր ժողովրդի, Հայաստանի հաղթանակին: Կեցցե, Արմավիրը: Հաղթանակը ոչ մեկը մեր ձեռքից չի խլելու»,-քաղաքի հրապարակում հայտարարեց Հովհաննիսյանը:

Րաֆֆու խոսքը ընդհատեց մի տարեց կին, ով դժգոհեց’ իրենց փողոցն «աղքատի կարկատան են արել»:

«Էլ ոչ մի աղքատի կարկատան, ոչ մի անգործություն, ոչ մի արտագաղթ: Հինգ տարվա ընթացքում դա պիտի փոխենք, և դա իմ հանձնառությունն է, իմ կյանքի իմաստը»,-խոստացավ Ր.Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Արմավիրի քաղաքապետի հրաժարականին՝ ասելով, որ նրան պետք է հետևեն քաղաքի ավագանու անդամներն ու մարզպետը:

«Ունեցավ գոնե նվազագույն տղամարդկությունը հրաժարական տալու: Ողջունում եմ: Բայց դա պետք է լիներ այն բանի համար, որ ինքը խախտեց օրենք, ոչ թե ինչ-որ մեկը ասում է’ դու չապահովեցիր հաղթանակ, հրաժարական տուր: Բայց իր օրինակով ժողովուրդը պահանջում է, ես էլ որպես ժողովրդի խոնարհ ծառա, պահանջում եմ Արմավիրի ավագանու և մարզպետի հրաժարականը: Վաղն էլ Սյունիքի մարզպետի հրաժարականը պետք է պահանջենք»,-ասաց Հովհաննիսյանը, արմավիրցիներին կոչ անելով պատրաստվել երկարատև պայքարի, խոստանալով. «Հաղթանակը մերն է լինելու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում