Ստ.Սաֆարյան. «ԲՀԿ-ն կմիանա մեզ, եթե իշխանությունը փորձի ուժ կիրառել»

ԲՀԿ-ի հայտարարությունից ես հասկացա մի բան, որ իրենք կանգնած են ժողովրդի կողքին, առավել եւս՝ եթե իշխանությունները որոշեն ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ: Նկատելի է նաեւ, որ ԲՀԿ-ն ճանաչում է ճգնաժամը, որը առաջացել է ՀՀ նախագահական ընտրություններից հետո, եւ կոչ է անում իշխանություններին եւս ճանաչել ճգնաժամը եւ լուծումներ գտնել այդ ճգնաժամից դուրս գալու համար»,- galatv.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական կուսակցություններից ԲՀԿ-ի դիրքորոշմանն ու երեկվա տարածած հայտարարությանը, ասաց Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը:

Այնուամենայնիվ, Ստեփան Սաֆարյանն այն կարծիքին է, որ ԲՀԿ-ի հայտարարության մեջ կա փոքր-ինչ զգուշավորություն: «Սակայն, այնուամենայնիվ, տեքստից ակնհայտ է, որ իրենց խոսքը վերաբերում է փողոցում բողոքող ժողովրդին եւ նրանց կողմից ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե եթե անհրաժեշտություն առաջանա, արդյո՞ք ԲՀԿ-ն կմիանա փողոցում պայքարող քաղաքացիներին, Ս. Սաֆարյանն ասաց. «Դատելով ԲՀԿ-ի հայտարարությունից՝ այո՛: Դա մի դեպքում կանի’ եթե իշխանությունը փորձի ուժ կիրառել, այլ պարագայում հասկացնում է, որ ինքը հարթակ չի բարձրանա»:

Իսկ այն, որ որոշ ԲՀԿ-ականներ, հատկապես մարզերում, ակտիվորեն աշխատել են ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի օգտնին, սա, ըստ Սաֆարյանի, արդյունքն է նրա, որ ԲՀԿ-ն չի ուղղորդել ԲՀԿ-ականներին կամ ընտրազանգվածին: «Գիտեմ նաեւ, որ որոշ ԲՀԿ-ականներ, նույնիսկ՝ որոշ ՀՀԿ-ականներ մեր հանձնաժողովի անդամների հետ իրենց պարտքն են համարել օրենքը պահպանել, ինչը մեզ համար շատ կարեւոր է: Բայց ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, չի հստակեցրել, թե քաղաքական նոր ստեղծված իրադրության մեջ ո՞րն է իր կարգավիճակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում