Վիեննայում երթ է կազմակերպվել՝ սումգայիթյան ջարդերի հիշատակին
Նմանատիպ
Օրերս Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հանդիսությունների սրահում, Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ, տեղի է ունեցել հիշատակի միջոցառում’ նվիրված սումգայիթյան ջարդերին եւ Արցախյան շարժման սկզբնավորման 25-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, այդ օրերին Վիեննայում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Խաչիկ Հարությունյանը:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց 1988-ի սումգայիթյան ջարդերին եւ գերմանական ու ավստրիական մամուլում այդ իրադարձությունների արձագանքներին նվիրված լուսանկարչական եւ փաստագրական վավերագրերի ցուցահանդես: Ցուցադրվեցին հատվածներ’ սումգայիթյան ջարդերին նվիրված ֆիլմաշարից:
Միջոցառման ավարտին ավստրիահայ կազմակերպությունների հարյուրի չափ ներկայացուցիչներ լռության երթով քայլեցին դեպի Վիեննայի կենտրոնական հրապարակ’ Շտեֆանսպլաց, ուր բազմաթիվ պաստառներով, Հայաստանի եւ Արցախի դրոշներով, հայրենասիրական երգերի կատարմամբ բողոքի ցույց իրականացվեց եւ անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանվեցին սումգայիթյան ջարդերին նվիրված տեղեկատվական նյութեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում