Գ.Մինասյանը Խոջալուի դեպքերի շուրջ մեջբերել է Մութալիբովի խոսքերը
Նմանատիպ
Ստամբուլում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 20-ամյակին նվիրված նիստում ելույթով հանդես է եկել ադրբեջանցի պատվիրակ Ասադ Հաջիևը, ով անդրադարձել է Խոջալուի իրադարձություններին՝ ադրբեջանական խեղաթյուրումներով: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց վերոնշյալ կազմակերպությունում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Ելույթների ավարտից հետո, Գ. Մինասյանը նախագահողից խոսք է խնդրել և հակադարձել նրա ելույթին:
Վերջինս նշել է, որ նպատակահարմար չի համարում այս նիստի ընթացքում խոսել Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների մասին և կսահմանափակվի միայն Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովին հղում կատարելով:
«Պարոն Մութալիբովը նշել է, որ Խոջալուում տեղի ունեցած սպանությունները կազմակերպել և իրագործել են Ադրբեջանի ժողովրդական ճակատի ներկայացուցիչները, ովքեր ցանկանում էին դրանով ապակայունացնել գործող իշխանությունների դիրքերը և զավթել իշխանությունը: Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել, որ դա Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Մութալիբովի խոսքերն են: Դրանով ամեն ինչ ասված է»:
Հիշեցնենք, որ 1992 թ.-ի փետրվարի 26-ին, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մերձակայքում չպարզված հանգամանքներում զոհվել են 200-ից 300 մարդ (համաձայն միջազգային Human Right Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների, իսկ Ադրբեջանի կողմից քարոզվող տարբերակով, զոհվել է ավելի քան 600 մարդ), ովքեր Ադրբեջանի իշխանության կողմից միտումնավոր կերպով պահվել են ռազմական գործողությունների կիզակետում: Խոջալուի բնակչությունը մի քանի ամիսների ընթացքում ստիպողաբար մնացել է բնակավայրում և Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր կերպով չի տարհանվել՝ հետագայում նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով:
Խոջալուի բնակչությունը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից առանձնացված հումանիտար միջանցքով դուրս է եկել բնակավայրից, առանց որևէ խոչընդոտների անցել է ավելի քան 10 կմ և հասել է մինչև ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամ քաղաքը: Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերին բավական մոտ գտնվող հատվածում հայտնաբերվել են զոհվածների մարմինները: Զոհվածների իրական քանակը հայտնի չէ, քանզի պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Խաղաղ բնակիչների այս ողբերգական զոհերի հետաքննության համար ստեղծված Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում