Լիտվայի պատգամավորներն Արցախի հետ բարեկամության խումբ են ստեղծել
Նմանատիպ
Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորներ հռչակագիր են ընդունել, որում հայտարարել են Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին, հաղոչդում է Yerkir.am-ը:
«Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավորներս՝ հայտարարում ենք Լիտվայի Հանրապետության Սեյմում Արցախի Հանրապետության հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին»,– ասվում է փաստաթղթում։
Հռչակագրում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով այն, որ այս տարի լրացել է Արցախյան շարժման 25-ամյակը, երբ հայ ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրավունքը, իսկ Լիտվան այդ ժամանակ ողջունեց այդ ձգտումը և հանդես եկավ խնդրի խաղաղ լուծման օգտին. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լիտվայի ու Արցախի ժողովուրդներն իրենց անկախության համար մղվող պայքարում առաջնորդվել են միջազգային իրավունքի նորմերով, ժողովրդավարական արժեքներով ու համընդհանուր գաղափարներով, որոնց շարունակում են հավատարիմ մնալ մինչ օրս. Կիսելով համաեվրոպական տարածքի դիրքորոշումը, ըստ որի’ դրա յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի առանց խոչընդոտի օգտվելու հիմնական իրավունքներից ու հիմնարար ազատություններից. Հաշվի առնելով այն, որ միջազգային պրակտիկայում ինքնորոշման իրավունքը ֆիզիկական անվտանգության ապահովման ու ժողովուրդների ժողովրդավարական զարգացման միակ երաշխիքն է:
Նշելով Արցախի զգալի ջանքերը ազատ ու ժողովրդավար հասարակության ստեղծման ուղղությամբ’ լեգիտիմ ընտրությունների անցկացման եւ պատասխանատու ու արդյունավետ կառավարություն ստեղծելու ճանապարհով. Կարևոր համարելով Արցախի ներգրավումը միջազգային հանրության մեջ առկա խնդիրների լուծման ու տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար. Մենք’ Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավորներս, հայտարարում ենք Լիտվայի Հանրապետության Սեյմում Արցախի Հանրապետության հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում