Համագործակցությունը, երկխոսությունը մշտապես գերադասել է առճակատումից. Կարեն Բոթոյան
Նմանատիպ
ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանի հարցազրույցը…
-Պարո´ն Բոթոյան, նախընտրական զարգացումները, կարծես, նոր փուլ են թևակոխել: Որոշ ուժեր նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցնելու օրակարգ են առաջ քաշում: Ըստ Ձեզ, Հայաստանի քաղաքական համակարգի համար նման անցում կատարելու անհրաժեշտություն կա՞:
—Շատ կարևոր է, որպեսզի ցանկացած ընտրությունից առաջ քաղաքական ուժերը հանդես գան հստակ օրակարգով: Սակայն, միևնույն ժամանակ պետք է հասկանալ, թե առաջարկվող օրակարգը, փոփոխությունները ինչ նպատակ են հետապնդում և արդյունքում ինչի կարող են հանգեցնել: Կարծում եմ ցանկացած փոփոխություն, այդ թվում քաղաքական, պետական կառավարման համակարգում չպետք է լինի կտրուկ: Մենք չպետք է դեռևս լիարժեք չօգտագործած այս համակարգի հնարավորությունները, անցում կատարենք այլ` Հայաստանում դեռևս չփորձված համակարգի: Եթե մեզ մոտ անհրաժեշտություն առաջանա անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, ապա այն պետք է լինի դինամիկ և սահուն: Մյուս կողմից հարց է առաջանում, արդյոք խորհրդարանական համակարգը կլուծի մեզանում առկա խնդիրները: Եթե մենք դիտարկում ենք ժամանակակից ժողովրդավարական կառավարման համակարգերը, օրինակ` նախագահական համակարգը ԱՄՆ-ում, կիսանախագահականը Ֆրանսիայում, խորհրդարանականը Արևմտյան Եվրոպայի մի շարք այլ երկրներում, ապա կտեսնենք, որ բոլոր համակարգերը այս երկրներում կայացած են, և արդյունավետ, ուստի նույն հաջողությամբ կարող ենք պնդել, որ կարելի է անցնել նախագահական այլ ոչ թե խորհրդարանական համակարգին: Կարծում եմ, նման պարզունակ և արհեստական մոտեցում չպետք է ցուցաբերվի, երբ խոսքը գնում է, հատկապես, պետության կառավարման համակարգի արմատական փոփոխությանը` այլապես կձախողենք ամբողջ պետականաշինության գործընթացը և հետագա բարեփոխումները:
-Պարո´ն Բոթոյան, ՕԵԿ-ի դիրքորոշումը կարծես պարզ է` կապված նախագահական ընտրությունների հետ:Ինչո՞ւ են մյուս ուժերը դժվարանում իրենց կողմնորոշուներում և հնարավոր է, նախագահական ընտրությունների համատեքստում, ՕԵԿ ավելի լայն համագործակցությունը այլ` ոչ կոալիցիոն ուժերի հետ:
— «Օրինաց Երկիր» կուսակցությունը համագործակցությունը, երկխոսությունը մշտապես գերադասել է առճակատումից: Մեր գաղափարական հենքի և դիրքորոշումների շրջանակներում, եթե կլինեն համագործակցության եզրեր, ապա, կարծում եմ դրանք անպայման կօգտագործվեն: Այո, «Օրինաց Երկիր» կուսակցությունը դեռևս 2008 թվականին արտահայտել է հստակ քաղաքական դիրքորոշում, որը 2011թ-ին վերահաստատել է կոալիցիոն հուշագրի ստորագրմամբ: Մեր կողմից արտահայտված ցանկացած դիրքորոշում և ստորագրված ցանկացած համագործակցության փաստաթուղթ խիստ պատճառաբանված է և ինքնանպատակ չէ: Մենք հարգում ենք մեր ստորագրությունը և հավատում ենք մեր կողմից տարվող քաղաքական գծի արդյունավետությանը: Այո՛, 2008, 2011թթ-ին և այսօր էլ մենք ասում ենք, որ առաջիկա նախագահական ընտրություններին պաշտպանում ենք գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որ ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի կողքին է: Իսկ մյուս քաղաքական ուժերի և գործիչների կողմնորոշումների վերաբերյալ մեկնաբանություններից ևս զերծ կմնայի` համարելով դա այդ քաղաքական ուժերի որոշելիք հարցը:
—Ինչպես գիտենք առաջիկայում և´ Հայաստանում, և´ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, ըստ Ձեզ ինչպե՞ս այն կազդի ԼՂՀ հակամարտության վրա և ինչպե՞ս եք տեսնում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը Սաֆարովի դեպքից հետո:
-Կարծում եմ, անկախ նրանից, թե ինչ գործընթացներ են ընթանում, մեզ համար չափազանց կարևոր է կայունության ապահովումը: Պետք է բոլորիս ջանքերը ուղղվեն ոչ ցանկալի զարգացումներից խուսափելու ուղղությամբ, որը կարող է, բնականաբար, իր բացասական ազդեցությունը ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կարծում եմ, որ Ալիևյան կլանը ներքին քաղաքական դիվիդենտներ շահելու համար կարող է օգտագօրծել ղարաբաղյան կոնֆլիկտը` կազմակերպելով որոշակի սադրիչ գործողություններ շփման գծում: Սակայն համոզված եմ, որ հայկական կողմը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արժանի պատասխան կտա Ալիևի ցանկացած արկածախնդրության: Ադրբեջանական կողմի նմանատիպ բոլոր քայլերը, այդ թվում մարդասպանին հերոսացնելու ցինիկ վարքագիծը ուղղված են արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, բանակցությունների ձախողմանը և այլ ձևաչափեր տեղափոխելուն: Կարծում եմ Հայաստանը և Արցախը չպետք է նպաստեն Ադրբեջանի այս ցանկության իրականացմանը: Բանակցությունները ԼՂՀ հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է: Սա ոչ միայն մեր, այլև այս խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշումն է:
Հետևաբար մենք չպետք է տուրք տանք Ադրբեջանի ցանկություններին և շարունակենք բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափում:
—Պարո´ն Բոթոյան, Դուք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եք, ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի ունեցան 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, ի՞նչ առաջարկներ է արել «Օրինաց երկիր» խմբակցությունը և մասնավորապես Դուք` կապված այն տարածաշրջանի հետ, որտեղից դուք ընտրվել եք:
-Այո´, մենք մասնակցել ենք բյուջետային քննարկումներին և ունենք մի շարք առաջարկներ: «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկները վերաբերում են գիտության, կրթության, առողջապահության, համայնքային ենթակառուցվածքների բարելավման և այլ խնդիրներին:
Ինչ վերաբերում է ինձ, ապա պետք է նշեմ, որ իմ կողմից արված առաջարկները շուրջ մեկ տասնյակ են, որոնք վերաբերում են իմ ընտրատարածքի բնակավայրերի դպրոցաշինության, ճանապարհների բարելավման, գազաֆիկացման, բազմաբնակարանային շենքերի վիճակի բարելավման և այլ խնդիրներին: Հուսով եմ կառավարությունը կընդունի այդ առաջարկները և լուծում կտրվեն մեր կողմից բարձրացված հարցերին:
ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանի հարցազրույցը REPLIK.am-ին`
Հետևեք մեզ նաև Telegram-ում