Վախճանվել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը

Վախճանվել է հայտնի պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ տարածվել է էլեկտրոնային մամուլում: Տեղեկատվության համաձայն՝ Բ.Հարությունյանը ամիսներ շարունակ ծանր հիվանդությամբ է տառապել:

Բաբկեն Հարությունի Հարությունյանը ծնվել է 1941 թ Երևանում’ Մեծ եղեռնի ժամանակ սպանդից հրաշքով մազապուրծ վանեցիների ավանդապահ և ուսումնասեր ընտանիքում: 1958 թվին Երևանի Հր. Աճառյանի անվան թիվ 72 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո նույն տարում նա ընդունվել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը, որն ավարտել է ժամկետից շուտ’ 1962 թվականին, գերազանցության դիպլոմով:

1963-1966 թթ ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում: 1968 թվին պաշտպանել է թեկանածուական ատենախոսություն՝ «Վայոց ձորը հնագույն ժամանակներից մինչև 1045 թվականը» խորագրով: Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ’ 1972-1977 թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը: Տարիների գիտահետազոտական տքնաջան պրպտումների արգասիք «Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի (արևմտյան և հարավային աշխարհներ)» դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1993 թվին: 2005 թվին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 2006 թվին ընտրվել է ՀՀ ԳԱ ակադեմիայի թղթակից-անդամ:

1969 թ առ այսօր դասավանդում է Երևանի պետական համալսարանում, 1993-1994 թթ դասախոսել է նաև Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, իսկ 1995-1996 թթ’ ԱՄՆ-ի Միչիգանի Դիզբորն համալսարանում: 1970-1971 թթ նա եղել է ԵՊՀ արտասահմանյան ուսանողների հետ աշխատանքների գծով դեկան, 1983-1985 թթ’ նույն բուհի կուսկոմիտեի քարտուղարի տեղակալ, 1985-1988 թթ’ «Երևանի համալսարան» հրատարակչության տնօրեն, 1993-2004 թթ’ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, համատեղությամբ’ 1997-2000 թթ’ ԵՊՀ Հայաստանին հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ: 2003 թվին ընտրվել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, ուր պաշտոնավարում է մինչ օրս, իսկ 2007-2008 թթ համատեղությամբ վարել է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը: Տարիներ շարունակ նա ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող խորհրդի փոխնախագահն է:

Պատմաբան Բ. Հարությունյանին բնորոշ է ինչպես թեմատիկ, այնպես էլ ժամանակագրական առումով գիտական հետաքրքրությունների ընդգրկուն շրջանակ: Գիտնականի շուրջ կեսդարյա գիտահետազոտական տքնաջան որոնումների արգասիք են նրա հեղինակած ավելի քան 500 աշխատությունները (մենագրություններ, հոդվածներ, քարտեզներ, զեկուցումների թեզիսներ, գրախոսություններ): Դրանք նվիրված են հայոց, ինչպես նաև տարածաշրջանի առավելապես հին և միջնադարյան պատմության ու պատմական աշխարհագրության տարաբնույթ հիմնահարցերին:

Գիտահետազոտական գործունեության սկզբնական փուլում Բ. Հարությունյանը մեծ ուշադրություն է դարձրել Սյունյաց համապարփակ պատմության քննությանը: Հետագայում գիտնականն ընդլայնել է իր գիտահետազոտական աշխատանքների շրջանակը: Վաղ միջնադարյան երկու կարևոր վավերագրերի’ «Գահնամակի» ու «Զորանամակի» հյուսկեն քննությամբ նա ապացուցել է, որ դրանցից առաջինը ստեղծվել է ոչ թե Սահակ Պարթևի, ինչպես մինչ այդ ընդունված էր, այլ’ Խոսրով Գ-ի կողմից: «Զորանամակի» նորովի քննությունը Բ. Հարությունյանին թույլ է տվել ճշտելու հայոց արքունի ու նախարարական զինուժի հարաբերակցությունը: Իր բազմաթիվ աշխատություններում գիտնականը նորովի է քննել Արշակունյաց և վաղ Մարզպանական Հայաստանի վարչաքաղաքական կացությանն ու կառուցվածքին, նախարարական համակարգին, արքունի գործակալություններին, հայ եկեղեցու թեմական բաժանմանը և այլնին նվիրված հարցեր:

Արդյունքում շատ ընդունված դրույթներ կամ հիմնավոր փաստարկվել են կամ էլ լուսաբանվել ու սրբագրվել արդի հայագիտությանը պատշաճ մակարդակով: Հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության ասպարեզում լուրջ ներդրում են Բ. Հարությունյանի «Հայաստանի, հայ-իրանական հարաբերությունների և Առաջավոր Ասիայի հնագույն պատմության մի քանի խնդիրների շուրջ (Քա VII-VI դարեր)», (1998), «Աշխարհացոյց»-ը և չորս Հայքերի խնդիրը» (1997), «Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգը ըստ «Աշխարհացոյց»-ի» (մասն Ա, 2001) մենագրություններն ու այլ ուսումնասիրություններ:

Բ. Հարությունյանը նպատակասլաց ու արդյունավետ զբաղվում է նաև պատմաաշխարհագրական խնդիրներով: Այդ ասպարեզում նրա անխոնջ պրպտումների արդյունքներն ամփոփվել են բազմաթիվ աշխատություններում, այդ թվում’ հարյուրավոր պատմական քարտեզներում’ ներառելով մեր ժողովրդի ու երկրի պատմության բոլոր շրջաններն ու կարևորագույն իրադարձությունները: Նրա հեղինակությամբ է լույս տեսել այնպիսի նախօրինակը չունեցող գործ, ինչպիսին «Հայաստանի պատմության ատլաս»-ն է (Ա-Բ մաս, Երևան, 2003, 2008): Հայաստանի պատմական աշխարհագրության ճանաչված առաջատարի խմբագրությամբ ու հեղինակցությամբ է ստեղծվել կոթողային «Հայաստանի ազգային ատլաս»-ի Բ հատորը (2008): Դրանում զետեղված հարյուրավոր պատմական քարտեզների 43 %-ի, առաջաբանի և քարտեզներին ուղեկցող նյութերի հեղինակը Բ. Հարությունյանն է: Նա նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եռալեզու ատլասի (2009) հեղինակներից է:

Այնուամենայնիվ, պատմաբանի գիտական պրպտումների առանցքը եղել է հայ պատմաաշխարհագրական մտքի եզակի հուշարձան «Աշխարհացոյց»-ը: Դրա շահեկան քննությունը գիտնականը կատարել է բազմալեզու աղբյուրագիտական հենքի վրա:

Պատմաքննական համադիր հետազոտությամբ նրան հաջողվել է ապացուցել, որ «Աշխարհացոյց»-ը թվագրվում է V դարով և որ նրա հեղինակը Մովսես Խորենացին է: Բացի այդ, Բ. Հարությունյանը ճշտել է Տիգրանակերտի տեղադրությունը, Նփրկերտի հունարեն արձանագրության թվականը, Մեծ Հայքի թագավորության I-IV դդ վարչատարածքային բաժանումներն ու վարչաքաղաքական բաժանման համակարգը և այլն: Բացահայտվել է Մեծ Հայքի վարչաքաղաքական համակարգի վրա ավատատիրական հարաբերությունների ու քաղաքական գործոնների ազդեցությունը:

Վերջին տարիներին գիտնականը շոշափելի ավանդ է ներդրել հայոց պատմությունը մատաղ սերնդին ճշմարտացի ու մատչելի հասցնելու գործում: Դա են վկայում նրա խմբագրությամբ ու հեղինակցությամբ լույս տեսած դպրոցական բազում դասագրքեր:

Բ. Հարությունյանն արժանացել է Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի, նոբելյան մրցանակակիր «Ալբերտ Շվայցերի» մեդալի, «Եկատերինա Մեծ» և «Ոսկե արծիվ ոսկի թագով» գերմանական շքանշանների: 2006 թ ն րան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, իսկ 2009-ին’ ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Գիտնականն արժանացել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ու Ֆուլբրայթի հիմնադրամի թոշակներին, ինչպես նաև ընտրվել Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Europäische Akademie der Wissenschaften und Künste ակադեմիայի և «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում