Գեղարքունիքի մարզպետն ինքնախոստովանել է

«Հրապարակը» գրում է, թե Գեղարքունիքի մարզում Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է ավելի քան 100 հազար, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 22 հազար 731 ձայն կամ մոտ 5 անգամ պակաս:

Եվ ահա, փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի խորհրդակցության ժամանակ խոսել է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին: Մեջբերում ենք բառացի. «Անդրադառնալով մարզում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին տված բարձր քվեներին, Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին եւ այլոց, ովքեր աշխատել եւ ճիշտ կողմնորոշում են ցուցաբերել՝ ընտրությունների ընթացքում ապահովելով նման ցուցանիշ»: Տեքստը վերցված է մարզպետարանի կայքից:

Սա ինքնախոստովանական ցուցմունք է եւ միաժամանակ հաղորդում հանցագործության մասին: Մարզպետը հայտարարում է, որ մարզի ողջ վարչական ռեսուրսը ծառայեցվել է Սերժ Սարգսյանին, եւ հենց դրա համար է շնորհակալ, այլ ոչ թե սահուն, ապահով, անցնցում ընտրություն կազմակերպելու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում