Դասադուլ արած ուսանողները չպետք է բոլշևիկյան շանտաժի դիմեն. մամուլ

«Առավոտը» գրում է. «Եթե չի կարելի մարդկանց կամքի վրա բռնանալ’ ստիպելով նրանց գնալ իշխանության միջոցառումներին, ապա չի կարելի բոլոր ուսանողների վզին փաթաթել նաև ընդդիմադիր գործունեությունը: Ենթադրենք, ուսանողների X խումբը ցանկանում է կազմակերպել հանրահավաք կամ երթ: Շատ լավ է’ կանաչ ճանապարհ: Սակայն այդ խումբն իրավունք չունի շանտաժելու ուսանողների Y խմբին, որը ցանկանում է մասնակցել դասերին, թե’ դուք, մնացողներդ, ծախված եք իշխանություններին, չեք ուզում պայքարել արդար Հայաստանի համար և կողմ եք ընտրությունները կեղծելուն: Բացի նրանից, որ նման շանտաժից բոլշևիզմի հոտ է գալիս, դա կարող է առաջացնել հակառակ ռեակցիան և լարել երիտասարդներին իրար դեմ: Ոչ ոք չի ապացուցել, որ այն ուսանողը, որը հանրահավաքի է գնում դասերից հետո, ավելի վատ քաղաքացի է, քան նրանք, ովքեր գնում են դասերի հաշվին: Կամ նա, ով բարձր է գոռում հանրահավաքի ժամանակ, ավելի հուժկու է պայքարում արդարության համար, քան նա, ով լուռ է կանգնած: Մի խոսքով’ մարդկանց պետք է տրվի հանգիստ ընտրելու իրավունք’ առանց բարոյական ճնշում գործադրելու: Սովորաբար այդ ճնշումը բացատրվում է նրանով, որ «մենք պետք է պայքարենք միասնաբար», «ով հայ ժողովուրդ…» և այլն: Այդ ամենն, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց, որպես կանոն, «միասնաբարը» առօրյա լեզվով նշանակում է’ «իմ ուզածով»: Միասնական են միայն Սահմանադրությունն ու Օրենքը: Մնացածը կարող են տարբեր լինել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում