Պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի անհաջող փորձը

Հարկատուներին էլեկտրոնային համակարգի խափանմամբ ծանր վիճակի մեջ դնելուց հետո հանրային պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի անհաջող փորձին կարելի է արձագանքել ՀՀ օրենսդրությունից ընդամենը չորս կարճ մեջբերումներով: Այս մասին նշում են ՄԻՊ աշխատակազմի մամլո ծառայությունից:

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խմբի ղեկավարն է»: (ՀՀ կառավարության թիվ 25 արձանագության N-3 հավելված)

«… Հարկային մարմինը կշարունակի աշխատանքները էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ»: (ՀՀ կառավարության թիվ 195-Ն որոշում)

«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակմանը մասնակցության, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար»: (ՀՀ կառավարության թիվ 1005-Ն որոշում)

«Հարկային մարմինը պարտավոր է Հաշվետվությունների ընդունման համար ապահովել ավտոմատ համակարգի ֆունկցիոնալությունը, Հաշվետվությունների փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին»: (ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի թիվ 120-Ա հրաման)

«Անկախ առանձին պետական մարմինների դժգոհություններից, շարունակում ենք մեր աշխատանքը’ միտված նաև հարկ վճարողների իրավունքների պաշտպանությանը’ հարգալից քննադատելով և հետևողականորեն վերհանելով բոլոր ոլորտներում առկա խախտումներն ու թերացումները: Մի´ վրդովվեք, պարոնա՛յք, համբերատար ուղղեք սխալները»,- նշվում է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում