ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Ս.Սարգսյանին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայ ժողովրդին’ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման գործում առաջընթաց արձանագրելու համար:

Այս մասին նշվում է «Արմենպրես»-ի’ Բրյուսելի թղթակցին ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Օանա Լունջեսկուի փոխանցած ուղերձում:

«Մենք հիմք ենք ընդունում միջազգային դիտորդական առաքելության նախնական արդյունքները, որոնք փաստում են, որ ընտրությունները լավ կազմակերպված են անցել ու հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Մենք ողջունում ենք Հայաստանի արձանագրած առաջընթացը նախորդ ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում եւ վստահ ենք, որ հետագա քայլեր կձեռնարկվեն բացթողումների լրացման ուղղությամբ»,-ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է շարունակել Նախագահ Սարգսյանի հետ աշխատանքը’ ՆԱՏՕ-Հայաստան գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում