25 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին

«25 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին և համաշխարհային հանրությանը կոչ ենք անում իր կտրուկ դիրքորոշումն արտահայտել մարդկության դեմ կատարված այդ հանցագործության նկատմամբ: Զանգվածային սպանությունների և ջարդերի հստակ ու միանշանակ գնահատականը, դրանց ետևում կանգնած ուժերի դատապարտումը թույլ կտան ոչ միայն կանխել նման հանցագործությունների կրկնությունը, այլ նաև կնպաստեն ադրբեջանական հասարակության բարոյական ապաքինմանը»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Այս օրերին աշխարհի մի շարք հայաշատ քաղաքաներում տեղի հայ համայնքների ջանքերով և արդարարության կողմնակից քաղաքական գործիչների ու քաղաքացիների աջակցությամբ անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված սումգայիթյան ողբերգության 25 ամյակին:

1988 թվականի փետրվարի 27-29 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ավելի քիչ քան 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ իշխանությունների թողտվության և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում մարդկանց սպանում էին, բռնաբարում և խեղում լոկ այն պատճառով, որ նրանք հայեր էին: Սումգայիթում տասնյակ սպանվածները, հարյուրավոր խեղվածներն ու հազարավոր վտարված հայերը դարձան առաջին զոհերն Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության’ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայերի, ովքեր դրանից մեկ շաբաթ առաջ պաշտոնապես հայտարարել էին ինքնորոշման իրենց իրավունքն իրականացնելու մտադրության մասին: Չնայած այդ պահանջներն իրենց բնույթով խաղաղ և օրինական էին, Ադրբեջանն ի սկզբանե հրաժարվեց երկխոսությունից, փոխարենը դիմելով սպառնալիքների և ահաբեկման լեզվին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման բռնաճնշումներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում