Իրանահայերը բողոքի ակցիա են կազմակերպում Իրանում թուրքական դեսպանատան դիմաց
Նմանատիպ
Մինչ աշխարհը փորձում է կանխատեսել, թե «արաբական գարունը» կտա արդյոք բողբոջներ Իրանում, այնտեղի մեր հայրենակիցները բողոքի ակցիա են կազմակերպում Իրանում թուրքական դեսպանատան դիմաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը:
«Ի պաշտպանություն սիրիահայության’ փետրվարի 27-ի առավոտյան թեհրանահայ համայնքի պահանջատեր ժողովրդի զավակները համախմբվել են թուրքական դեսպանատան առջեւ (Ֆերդոսի պողոտա)’ բողոքելու նույն երկրի տարածաշրջանային եւ մասնավորապես սիրիական տագնապում ցուցաբերած դավադիր քաղաքականության եւ դրանից բխող ոչ հայանպաստ հետեւանքների դեմ: Թեպետ Թուրքիան սկզբից ձեւացրել է, թէ սիրիական տագնապում հետամուտ է եղել այսպես ասած’ «արաբական գարնան» հոլովույթում Ասադի դեմ հակառեժիմ գործընթացների, բայց եւ այնպես’ որեւէ արդարացում չի կարող քողարկել թուրքական բուն նպատակը’ գաղափարաքաղաքական միտումներով «նեոօսմանիզմը» գովազդել-քարոզելու հանգամանքը: Ավելին’ թուրքական դավերի կենսագործման ճամփին «Ալ Ղայիդա»-ական եւ նմանատիպ վարկաբեկված գործոնների առկայությունը սաղմի մեջ իսկ հոդս է ցնդեցնում թուրքական հերթական լարախաղաց քայլերը, որոնք մշտապես ի վնաս են գործել անմիջական հարեւանների շահերին ու առհասարակ’ շրջանային խաղաղությանն ու կայունությանը»,-գրում է խմբագիրը:
«Հայկական գործոնի եւ տվյալ դեպքում’ սիրիական արդեն երկամյա տագնապի արդյունքում սիրիահայ ծաղկուն համայնքի խիստ անմխիթար ու ծանրակշիռ իրավիճակը հաստատապես հետեւանքն է միեւնույն’ թուրքական տարածաշրջանային ընդհանուր քաղաքականության, որտեղ սիրիացի տուժող ժողովրդից անմասն չի մնում նաեւ ու մանավանդ սիրիահայ գաղթօջախը:
Ահավասիկ, ինչպես ողջ հայաշխարհի ցավակից ու պահանջատեր հայորդիներ, իրանահայ զավակները ևս ամեն պատճառ ու հիմք ունեն առանց այն էլ ցեղասպան Թուրքիային բողոքի ցույցերով հիշեցնել-զգուշացնելու իր’ մասնաւորապես հայության յուրաքանչյուր բեկորի կամ հատվածի ուղղակի թե անուղղակի վնաս պատճառելու մասին:
Բողոքի ու արդար պահանջատիրության այս իրավունքը հարգելով, ահա ԻԻՀ համապատասխան մարմինների ընդառաջմամբ ու համայնքիս ազգային մարմինների համադրական ջանքերով, թեհրանահայությունը ինչպես միշտ’ կուռ եւ քաղաքակիրթ կեցվածքով համախմբվելու է Թուրքիայի դեսպանատան առջեւ, իր գերազանցապես բարոյական ու քաղաքական ձայնակցություն-նեցուկը ցուցաբերելու սիրիահայ մեր քաջակորով հայրենակիցներին»,-գրում է Դերենիկ Մելիքյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում