Իրանական ԶԼՄ-ները «փոխել են» Միշել Օբամայի զգեստը
Նմանատիպ
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի երեկոյան զգեստը «ֆոտոշոփ»-ի միջոցով ձևափոխվել է: Ինչպես տեղեկացնում է Panorama.am գործակալությունը, այդ մասին նշված է իրանական «ասրիրան.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությանը Միշել Օբամայի ելույթը պատկերող լուսանկարը ներկայացրել է «ֆոտոշոփի» միջոցով ձևափոխված տարբերակով:
Ըստ իրանական աղբյուրի՝ արևմտյան լրատվամիջոցները, անդրադառնալով այդ փաստին, նշել են. «Իրանցիները մտահոգված և զայրացած էին, քանի որ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Միշել Օբաման որպես տարվա լավագույն ֆիլմ հռչակեց հակաիրանական բովանդակությամբ «Արգո» ֆիլմը»:
Հոդվածում նաև նշվում է, որ մինչ այդ իրանական ԶԼՄ-ները ձևափոխել էին նաև ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի լուսանկարը:
Հավելենք, որ ԻԻՀ մշակույթի նախարար Սեյյեդ Մոհամմադ Հոսեյին, անդրադառնալով «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն ֆիլմ մրցանակին արժանացած Բեն Աֆլեքի «Արգո» ֆիլմին, մասնավորապես նշել է. «Այս տարի մենք բոյկոտեցինք և «Օսկարին» չմասնակցեցինք, հավանաբար նրանք էլ զայրացան և իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ հակաիրանական ֆիլմ նկարահանեցին»:
Ամերիկացի կինոռեժիսոր Բեն Աֆլեքի նկարահանած «Արգո» ֆիլմը պատմում է ԿՀՎ-ի նախկին գործակալ Թոնի Մենդեզի կողմից իսլամական հեղափոխության ժամանակ Իրանում ԱՄՆ դեսպանատան գրավման ընթացքում ամերիկացի վեց դիվանագետների ազատ արձակման մասին:
Հավելենք, որ 1979թ.-ի Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխության օրերին Իրանում Կանադայի նախկին դեսպան Քեն Թեյլորը օրերս Տորոնտոյի «Ռայերսեն» համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, քննադատելով «Արգո» ֆիլմը, նշել էր, որ ֆիլմի սցենարում խեղաթյուրվել են պատմական դեպքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում