Հ.Գալստյան. «Փողոցով իշխանափոխությունը բերում է իշխանության խառը թիմի ձևավորման»

«Սոցիալական ցանցերում բոլորս ենք լինում: Ես վերջերս պասիվ էի, բայց այս քանի օրը մի քանի տեղ մեկնաբանություններ գրել եմ: Դրանցից մեկում նշել եմ, որ փողոցով իշխանափոխությունը ամենավերջին բանն է, որ ես կցանկանայի, որ Հայաստանում լիներ, որովհետև փողոցով իշխանափոխությունը բերում է իշխանության խառը թիմի ձևավորման»: Այս մասին Panorama.am-ի հետ հարցազրույցում ասել է վերլուծաբան, Prm.am կայքի խմբագիր Հրաչ Գալստյանը՝ մեկնաբանելով «Բարևի հեղափոխության» շուրջ հնչող արձագանքները՝ մասնավորապես հետընտրական ակտիվության մարման շուրջ:

«Հետո որոշ ժամանակ է անցնում, մինչև իշխանության ներսում տարբեր խմբավորումներից մեկը գերիշխանություն է ձեռք բերում: Հետո մի որոշ ժամանակ է անցնում, մինչև այդ գերիշխանությունը հաստատվում է, իսկ հետո գալիս է փողոցի ակնկալիքների ճգնաժամը, և փողոցի ակնկալիքների ճգնաժամի հիմքով կարող է լինել հաջորդ իշխանափոխությունը… ու այդպես շարունակ: Սա Հայաստանի համար ամենավատ ճանապարհն է՝ հաշվի առնելով մեր իրավիճակը ՝ Ղարաբաղի հակամարտություն, Թուրքիայի հետ չկարգավորված փոխհարաբերություններ և ընդհանրապես բոլոր հարևանների հետ ոչ այնքան պարզ փոխհարաբերություններ, ներդրումների համար բարձր ռիսկեր և այլ»,- կարծում է Հ.Գալստյանը:

Ինչ վերաբերում է ակտիվության ալիքի մարելուն, ըստ փորձագետի՝ թե՛ հարթակում եղածները՝ կազմակերպիչները, թե այսպես ասած «փողոցը» պասիոնար չեն. «Կան պրոֆեսիոնալ խմբեր ու անհատներ, այսպես կոչված ակտիվիստներ, որոնք իրենց պրոֆեսիոնալ գործն են անում: Իմ վերջին վերլուծություններից մեկում այդ մասին խոսել եմ. քաղաքացիական ակտիվիզմը համադրել եմ և նույն հարթության մեջ եմ դրել, ինչ քաղաքական գործունեությունը: Քաղաքացիական ակտիվիզմն այն ձևով, որ այսօր կա Հայաստանում, ներքին պատվեր չունի: Այսպես, թե այնպես, ներքին սպառում ունի, բայց ներքին պատվեր, որպես այդպիսին, չունի: Այնպես որ, դժվար թե կարելի է ենթադրել, որ այս փողոցով ու այս հարթակով ակտիվությունը կարող է երկար տևել:
Մի խնդիր էլ կա’ ռեսուրսները: Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը ռեսուրսներ չունեն: Այլ խնդիր է, որ որևէ մեկ այլ ուժ, որը շահագրգռված է Հայաստանում լարվածության պահպանմամբ, կարող է ռեսուրսներ տրամադրել: Այդ ժամանակ կարող ենք ասել՝ «որ ով պատվեր է տալիս, նա էլ պարացնում է»:

«Եվս մեկ կարևոր բան: Շատ են օգտագործվում ժողովուրդ, հանրային գերակա շահ հասկացությունները: Սրանք զուտ էմոցիոնալ հարթությունում ձևակերպվող հասկացություններ են՝ որևէ՝ այլ բան չեն ենթադրում: Երբ խոսում են գերակա շահից, ասում են ոչինչ: Ամեն մեկը, ով խոսում է ժողովրդի անունից, ինքն է իր համար ձևակերպում՝ ինչ ասել է ժողովուրդ, գերակա շահ և այլն, և ասում է իր մտածածը, և միայն իր մտածածը: Այնպես որ, ես խորհուրդ չէի տա որևէ մեկին խոսել ժողովրդի, ժողովրդի գերակա շահի հասկացությունների անունից: Ճիշտ է’ դրանք, կարծես թե, էմոցիոնալ, պասիոնար ծանրաբեռնվածություն են, բայց, ըստ էության, ոչինչ չեն ասում: Իսկ հարթակում, նույն Րաֆֆի Հովհաննիսյանը այդ բառերը շատ-շատ է շահարկում: Ես դա կձևակերպեի՝ որպես իմաստի բացակայություն»,- նկատել է Հ.Գալստյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում