Վերլուծաբան. «Արցախի անկախության ճանաչումը նշանակում է պատերազմի հայտարարում»

Վերլուծաբան, Prm.am կայքի խմբագիր Հրաչ Գալստյան Panorama.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է հետընտրական զարգացումներին՝ մեկնաբանելով, այն հարցը, թե ինչ կոնկրետ քաղաքական խնդիրներ է հետապնդում Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ասում է, որ ինքն է ընտրված նախագահը՝ հաշվի առնելով, որ գոնե իր օգտագործած լեքսիկայի շրջանակներում պետք է լինեն սահմանադրական փոփոխություններ, իսկ Սահմանադրությունը, կարծես թե, այս իրավիճակում իր համար ցանկալի կամ հրապարակում հնչեցվող լուծումները չի տալիս:

«Ընտրությունը, որպես այդպիսին, նեղ իմաստով ունի մի քանի կոմպոնենտ՝ քաղաքական ֆոնը, իրավունքի իրացումը, ընտրության լոգիստիկան’ այն մարդիկ և ինստիտուտները, որ ընդգրկված են գործընթացի մեջ, և ընտրողները:

Սկզբում քաղաքական ֆոնի մասին: Քաղաքական ֆոնը ստեղծվել է վերջին երկու-երկուսուկես տարվա ընթացքում: Այն սկսվեց և ձևակերպվեց այն բանից հետո, երբ մեր քաղաքական ակտորները, ֆիգուրանտները պատրաստակամություն հայտնեցին մեկ-մեկու ճանաչել՝ որպես քաղաքական ֆիգուրանտներ: Դրանից առաջ մեկը մյուսին «ավազակապետ» էր կոչում, մյուսը՝ «հանցագործ», երրորդը’ «դավաճան» և այլն: Այսինքն՝ դրանից առաջ միմյանց որպես քաղաքական ֆիգուրանտ չէին ճանաչում՝ որոշակի իրավունքներով, շահերով, պարտավորություններով. եթե իրավունք և շահ չկա, չկա և պարտավորություն: Արդեն երկու-երկուսուկես տարի առաջ այդ նոր քաղաքական ֆոնը սկսեց ձևակերպվել: Այն, որ ասում են դիալոգ, հենց սա է, որն, ըստ էության, կայացած է: Այսինքն՝ քաղաքական ֆիգուրանտները մեկը մյուսին ճանաչում են որպես այդպիսին: Այս նախընտրական շրջանում, բուն քվեարկության օրը ու մասամբ նաև դրանից հետո ամեն ինչ արվեց, որպեսզի քաղաքական ֆիգուրանտները դիտվեն՝ հենց որպես քաղաքական ֆիգուրանտ: Այլ խնդիր է, որ հենց իրենք՝ քաղաքական ֆիգուրանտները, մասամբ հրաժարվելով իրենց սուբյեկտությունից, կարծես թե, հրաժարվում էին որպես քաղաքական ֆիգուրանտ հանդես գալուց: Դա վերաբերում է գործնականում բոլորին: Նույնիսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, հրաժարվեց պառլամենտական ընտրություններում դրված ավանդույթից, երբ պարզապես գնում էր գյուղեր ու քաղաքներ, հանդիպումներ էր ունենում բոլոր մարդկանց հետ: Այս անգամ նա նախընտրեց հանդիպել ավելի շատ դահլիճային ձևաչափով’ ոչ թե ընտրողների, այլ ընտրությունները կազմակերպողների հետ: Այդուհանդերձ, նրա ելույթները քաղաքական էին: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում էր մարդկանց հետ, այսինքն’ այս կողմից ամեն ինչ ճիշտ է, բայց ելույթները քաղաքական չէին՝ որպես այդպիսին: Քարոզարշավի ողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական լեզու չի օգտագործել: Օգտագործել է, ասենք, բարության լեզուն, առօրեականության լեզուն, մասամբ՝ էսթետիկայի և այլն… ամեն ինչ՝ բացի քաղաքական լեզվից: Ոչ մի քաղաքական հայտարարություն չի արել, ոչ մի քաղաքական պատասխանատվություն այս մարդը իր վրա չի վերցրել: Իսկ այն, ինչ ասել է կոնկրետ, իսկ իր ամբողջ ասածներից ես ընդամենը երեք բան եմ կարողացել առանձնացնել. մեկը՝ Ղարաբաղի անկախության ճանաչումն է, մյուսը՝ Թուրքիային ուլտիմատում ներկայացնելն է և երրորդը՝ մեղավորներին պատժելու ցանկությունն է: Եթե սա համարենք քաղաքական, ուրեմն՝ երեքն էլ Հայաստանի համար ոչ միայն կրիտիկական են, այլև’ կործանարար»,- նման տեսակետ է հայտնել վերլուծաբանը:

Նա ընդգծել է, որ Արցախի անկախության ճանաչումը նշանակում է պատերազմի հայտարարում, Թուրքիային ուլտիմատում ներկայացնելը նշանակում է պատերազմ երկու ճակատով՝ առանց դաշնակիցների, որովհետև ագրեսորը Հասյաստանն է. Թուրքիային ուլտիմատում ներկայացնելը ագրեսիա է, Ղարաբաղը ճանաչելը ագրեսիա է. «Հարցն այն չէ, որ Ղարաբաղի անկախությունը չենք կարող ճանաչել ընդհանրապես: Կարող է լինել մի իրավիճակ, երբ Ղարաբաղի անկախության ճանաչումը դառնա ծայրահեղ անհրաժեշտություն: Սակայն այս իրավիճակում Ղարաբաղի անկախության ճանաչումը ագրեսիա է: Մեղավորներին պատժելու մասին էլ չասեմ: Գոյություն ունեն օրենքներ: Բռնել-պատժելը ո՞րն է: Դա ագրեսիա է հասարակության և երկրի օրենքների հանդեպ: Այսինքն՝ բարություն քարոզող մարդը, ով իսկապես բարություն էր քարոզում, և, հնարավոր է, ինքն իսկապես շատ բարի մարդ է, քաղաքական ամենակոնկրետ հայտարարություննեում հանդես գալիս է որպես ագրեսոր»:

Հ.Գալստյանը նաև կարծիք է հայտնում, թե Հրաշքի ակնկալիքը մեր հասարակության ամենահիմնական շարժառիթներից մեկն է. «Այսինքն’ կլինի մի հրաշք, կհայտնվի ոմն մի Պողոս Պողոսյան, Արկադի Վարդանյան, Արկադի Պողոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, և վաղը հրաշք կլինի և կյանքը կփոխվի: Վաղը ամեն ինչ կփոխվի’ կոռուպցիան կվերանա, կառավարումը կլավանա, թոշակները կավելանան, աղետի գոտին կվերակառուցվի և բազմաթիվ լավ բաներ կլինեն: Այսպես չի լինում: Ցանկացած’ նույնիսկ ամենալավ ընտրության ընթացքում, կառավարման համակարգում իրականացվող փոփոխությունը կարող է լինել ոչ ավել, քան 10 տոկոս:

Դա ամենևին չի նշանակում, որ ընտրական համակարգը կարևոր չի: Այն, իհարկե, կարևոր է: Սակայն 1995թ ընտրություններից այս կողմ, մարդկանց գործելակերպում հրաշքի ակնկալիքը եղել է մոտիվացիոն հիմքերից ամանաառաջինը: Դա իրողություն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև հետխորհրդային բոլոր երկրներում: Հրաշք չի լինելու: Պետք է աշխատել, ծանր աշխատել, վատ ապրել ու աշխատել: Ամբողջ աշխարհն է այդ ճանապարհով անցել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում