Հ.Գալստյան. «Ավագանու ընտրությունների շրջանը կհամընկնի ակնկալիքների ճգնաժամի հետ»

«Միայն այն հանգամանքը, որ իրենք չէին նախապատրաստել սեփական ցանցը, խոսում է այն մասին, որ իրենք պատրաստ չէին հաջողության, նրանք չէին սպասում հաջողություն և չէին գնում դրան»: Նման կարծիք է հայտնել վերլուծաբան, Prm.am կայքի խմբագիր Հրաչ Գալստյանը՝ Panorama.am-ի հետ հարցազրույցում մեկնաբանելով այն հարցը, թե այս իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանը կամ իր մերձավոր շրջապատը ի՞նչ պրագմատիկ նպատակներ է հետապնդում:

«Չկար ոչ մի ծրագիր, թե ինչ պետք է անել հաջողության հասնելուց հետո, կամ՝ ինչպես պետք է պահել այդ հաջողությունը: Ու հիմա տեսնում ենք դրա արտահայտությունները: Գործողությունները հախուռն են: Ասում են, թե նուրբ մշակված մարտավարություն են իրականացնում, բայց դա իրականում այդպես չէ: Իրականում այն ինչ-որ կատարվում է, ավելի շատ սեփական անելիքը, սեփական դերակատարումը չիմանալու հետևանք է, քան ինչ-որ մարտավարական սխեմա»,- նշել է վերլուծաբանը:

Նա տեսակետ է հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն բաց է թողել իր լավագույն ժամանակը. «Սառը, դատող մարդը արդեն ընտրության առաջին գիշերը պետք է ժամանակ վերցներ, փակվեր սենյակում և մտածեր, այլ ոչ թե տեղամասերը փակելուց 4 ժամ անց հայտարարություններ աներ, որ 80-20 հարաբերակցությամբ հաղթել է: Ինքը մինչև առավոտ պետք է ժամանակ վերցներ և մտածեր հարցի՝ թե՛ քաղաքական, թե՛ սահմանադրական, թե՛ իրավական կողմերի մասին, սեփական ռեսուրսների ու հնարավորությունների մասին… վերջապես՝ պետության մասին, եթե իհարկե անհույս լավատես չեմ մարդկանց հանդեպ իմ հավատում»:

Հ.Գալստյանը նաև նշում է, որ Ր.Հովհաննիսյանը չունի շարունակական ակտիվության համար բավարար ռեսուրսներ: Իսկ դրա համար շատ մեծ ռեսուրսներ են պետք: 

«Այս բոլորը քննարկելուց հետո նա կարող էր գալ որոշակի հետևությունների և, ասենք, սեփական դեմքը պահելու համար հայտարարեր, որ ընտրությանները կեղծվել են, բայց մենք չունենք փաստացի հիմքեր, և պատրաստակամություն հայտներ այս կամ այն կերպ ընտրությունների արդյունքները ճանաչելու: Իսկ հիմա նա գնաց մի իրավիճակի, որն արդեն դուրս է գալիս իր վերհսկողությունից: Խաղի մեջ են մտում մեծ ու փոքր խմբեր և խմբավորումներ, և ամեն մեկն իր խաղն է խաղում’ սկսած մի փոքր՝ քաղաքացիական ակտիվիստների խմբերից և վերջացրած հզոր հնարավորություններ և ռեսուրսներ ունեցող խմբերից: Բնականաբար, հետագա էսկալացիան լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական սուվերենության հաշվին»,- ասել է վերլուծաբանը:

Այն հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ Ր.Հովհաննիսյանը չունի ճգնաժամային կառավարման մեխանիզմներ, բայց դրանով հանդերձ իրավիճակը տանում է ճգնաժամի, Հ.Գալստյանը նկատել է. «Ես չէի ասի, որ իրավիճակը գնում է ճգնաժամի կամ գոնե էսկալացիայի: Ընթացքը դեռևս բավականին հանդարտ է, բայց դա չի բացառում այն ամենը, ինչի մասին ես խոսեցի: Դա լուրջ քաղաքական անպատասխանատվություն է: Անկեղծ ասած, Րաֆֆի Հովհանիսյանից այլ ակնկալիք ես երբեք չեմ ունեցել: Այս գործիչի հնարավորությունների մասին իմ կարծիքը հայտնի է՝ ես այն արտահայտել եմ բազմաթիվ հրապարակումներում»:

Ներկայացնելով իր կանխատեսումները սպասվող ավագանում ընտրություններից՝ Հ.Գալստյանն ասել է, որ եթե ամեն ինչ նույն տրամաբանությամբ շարունակվի, ապա Երևանում «Ժառանգությունը» կունենա մի փոքր ավելի շատ ձայն, քան թե նախորդ՝ խորհրդանական ընտրությունների ժամանակ. «Եթե «Ժառանգությունը» գնա իրավիճակը կապիտալացնելու ուղղությամբ, կարող է լուրջ տեղերի հավակնել: Ընտրությունների շրջանը կհամընկնի ակնկալիքների ճգնաժամի հետ: Դա մենք տեսել ենք Հայաստանում բոլոր սրացումների ժամանակ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում