Նյու Յորքում կայացել է «Լեռնային Ղարաբաղ. Սումգայիթյան հիշողություններից դեպի անկախ պետություն» խորագրով հուշ-երեկո
Նմանատիպ
Այս օրերին Նյու Յորք քաղաքում տեղի են ունենում 1988թ. Սումգայիթում իրագործված ոճրագործության ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ:
Փետրվարի 24-ին Նյու Յորքի Ս. Վարդան տաճարում մատուցվեց հոգեհանգստի արարողություն’ ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի, համայնքային կառույցների ներկայացուցիչների ու ամերիկահայերի’ ներառյալ Ադրբեջանից մազապուրծ փախած եւ ԱՄՆ-ում բնակություն հաստատած մեծ թվով հայերի մասնակցությամբ:
Օրվա հիմնական բանախոս դեսպան Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ անհրաժեշտ է արթուն կեցվածք որդեգրել Ադրբեջանի կողմից նոր թափով իրականացվող վտանգավոր քարոզչության դեմ, որն աշխարհի տարբեր երկրներում’ ներառյալ ԱՄՆ-ում, փորձում է նենգափոխել մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների պատմությունը’ հանդես գալով զոհի դերում եւ ծածկելով իր ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ հայերի: ՀՀ դեսպանը կոչ արեց համախմբվել հայոց պետականության, համայնքային կառույցների, եկեղեցու շուրջ’ սանձազերծելու հայ ժողովրդի պատմության, մշակութային ու հոգեւոր արժեքների ու արցախահայության ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները:
Փետրվարի 27-ին Հ.Բ.Ը.Մ.-ի կենտրոնատեղին հյուրընկալեց «Լեռնային Ղարաբաղ. սումգայիթյան հիշողություններից մինչեւ անկախ պետություն» խորագրով հուշ երեկո’ նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին, որի ժամանակ ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն» ֆիլմի անգլերեն տարբերակն ու ներկայացվեց Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը լուսաբանող լուսանկարների ցուցահանդես:
Ձեռնարկին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ դեսպանն ու ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը: Ըստ դեսպան Նազարյանի’ սումգայիթյան ջարդերից 25 տարի անց ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի ծանրագույն ոտնահարումների համար, եւ միջկառավարական ատյանները պետք է հարկադրեն Ադրբեջանին հարգելու միջազգային իրավունքի նորմերը’ վերջ դնելով ադրբեջանական քաղաքներում հայերի հանդեպ իրականացրած ոճրագործությունների ու տարածաշրջանում ագրեսիա իրականացնելու համար անպատժելիությանը, ինչը կարեւոր է հարատեւ կայունություն, խաղաղություն ու արդարություն հաստատելու առումով:
Համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներից ու ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության անձնակազմից զատ միջոցառմանը մասնակցեցին նաեւ օտարերկրացիներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում