Դատախազությունն ընտրությունների ժամանակ 226 հաղորդում է ստացել. 11 դեպքով քրգործ է հարուցվել

2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում փետրվարի 27-ին դրությամբ ստացվել է 226 հաղորդում:

Դատախազությունից տեղեկացնում են, որ նշված 226 հաղորդումներից`

– 11 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 6-ը’ ԶԼՄ-ների ահազանգերի քննարկման արդյունքներով: Հարուցված քրեական գործերից 5-ով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 1-ական’ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում եւ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություններում, իսկ մանացած 4-ը’ ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական մարմիններում, որոնցից 1-ը’ 1 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:

Նշված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել 7 անձանց, որոնցից 2-ը գտնվում են նախնական կալանքի տակ:

– 160 դեպքով մերժվել է քրեական գործի հարուցումը, քանի որ հիմնավորվել է, որ հանցագործության մասին հաղորդումները իրականությանը չեն համապատասխանել,

– 7-ին տրվել է գրավոր պարզաբանում,

– 1-ը թողնվել է անհետեւանք,

– 47-ի քննարկումն ընթացքի մեջ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում