Դատապարտյալի համար հոգեւորականներ են հրավիրել

Արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում չորրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել եւ բուժում ստանալուց հրաժարվել է արագացված դատաքննությամբ 5 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Սերոբյանը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Տիգրան Սերոբյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, եւ նրան արգելվել էր անգամ վերաքննիչ դատարանում մասնակցել դատական նիստերին: Ինչպես տեղեկացրեց Սերոբյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անահիտ Սաղաթելյանը, իր պաշտպանյալի վիճակը ծայրաստիճան վատ է, ինքը հանդիպել է Տ. Սերոբյանին եւ տեսել, որ շնչում է ապարատով: Սերոբյանի համար հոգեւորականներ են հրավիրվել դատապարտյալների հիվանդանոց: Պաշտպանը հայտնեց, որ բողոքով դիմել է վճռաբեկ դատարան, խնդրել է հաշվի առնել ամբաստանյալի ծանր առողջական վիճակը եւ բողոքը քննության առնել հնարավորինս ողջամիտ ժամկետներում, սակայն երկու ամիս է՝ բողոքը դեռ քննության չի վերցվել: Ի դեպ, տեղեկացնենք, որ վերաքննիչ դատարանում քննությունը կատարվել է պաշտպանի եւ Սերոբյանի բացակայությամբ»,- գրում է «Առավոտը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում