«Սևակին սպանած թուրք զինվորը ազատության մեջ է». Բողոքի երթ Ստամբուլում
Նմանատիպ
Թուրքական բանակում սպանված ազգությամբ հայ Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով տեղի ունեցած հերթական դատական նիստից առաջ «Նոր զարթոնք» հայկական հասարական նախաձեռնությունը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակից դեպի Գալաթասարայի քոլեջ քայլերթ է կազմակերպել՝ պահանջելով արդար դատավարություն, փոխանցում է Panorama.am-ը՝ հղում անելով «Ermenihaber.am» լրատվական կայքին:
Հիշեցնենք, որ Սևակ Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած հրազենային կրակից: Պաշտոնական վարկածի համաձայն, Աղաօղլուն դիտավորյալ սպանություն չի կատարել, այլ’ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով:
Քայլերթի մասնակիցները ծածանել են «Վերջ բանակային սպանություններին», «Սևակ, թույլ չենք տա, որ մոռացվես» վերնագրերով պաստառներ, երթի ընթացքում պարզաբանումներ են տվել լրագրողներին:
«Նոր զարթոնքի» անդամներից Առնո Քալայջըն շեշտել է, որ Թուրքիայի զորամասերում վթարի կամ անփութության հետևանքով սպանվածերի, ինչպես նաև ինքնասպանություն գործածների մեծամասնությունը, չգիտես ինչու, ազգությամբ հայ, ալևի կամ քուրդ է: Նրա համոզմամբ’ նման կարգի սպանությունները չեն կարող պատահականություն լինել:
«Ռասիստական կոչերի արդյունքում կատարված սպանությունների մեծ մասը կամ անպատիժ է մնում, կամ հրապարակային դատավարություն չի իրականացվում: Մամուլի աշխատակիցներ, թոշակառուներ, ուսանողներ, քուրդ քաղաքական գործիչներ, հեղափոխականներ, փաստաբաններ կամ ակադեմիկոսներ, որոնք նույնիսկ չգիտեն էլ թե ինչի համար են դատապարտվում, կալանքի տակ են պահվում, իսկ Սևակ Բալըքչըի սպանության կասկածյալն առաջին իսկ դատական նիստից հետո ազատ է արձակվել: Պետության այս արյունոտ և աղտոտ համակարգի մեջ գտնվող, նրանցից հրաման ստացող ու նրանց հրաման տվող մարդիկ պետք է երկար տարիների տաժանակիր պատժի դատապարտվեն: Սևակի սպանության երկրորդ տարելիցի շեմին մարդասպանը դեռ ազատության մեջ է: Ինչպես Հրանտ Դինքի, Մարիցա Քյուչուքի և այլ սպանությունների դեպքում, որոնց հեղինակը պետությունն է, մեղավորները շարունակում են ապրել մեզ հետ կողք-կողքի»,- ասել է Քալայջըն’ հավելելով, որ շարունակելու են հետևողական լինել Սևակ Բալըքչըյի սպանության գործով արդար դատավճիռ կայացնելու հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում