Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունն արձագանքել է ԱԺ-ում կազմակերպված ադրբեջանական սադրանքին
Նմանատիպ
«Nouvelles d’Armenie» պարբերականը հարցում էր արել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատուն՝ խնդրելով մեկնաբանել Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթյան ջարդերի հիշատակման ժամանակ ֆրանս-ադրբեջանական համերաշխության խմբի վարքը: Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից ստացված պատասխանում մասնավորապես ասվում է.
«Մենք մեզ թույլ չենք տա մեկնաբանել ֆրանսիացի պատգամավորների կողմից արված հայտարարությունները, դա մեր սովորության մեջ չի մտնում, ոչ էլ կանդրադառնանք որոշ մանրամասներին, որոնք ի հայտ են եկել:
Հայաստանի դեսպանությունը դատապարտում է ֆիզիկական բռնությունը, որը մթագնեց Ազգային Ժողովում փետրվարի 26-ին կայացած «Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագայի հեռանկարները» խորագրով հիշատակի երեկոն, որի ավարտին երկու ադրբեջանցի անձինք խորապես դատապարտելի սադրանք կազմակերպեցին, ինչն ադրբեջանական կողմը փորձեց օգտագործել քարոզչական նպատակներով՝ հեղինակազրկելով ժողովրդավարության խորհրդանիշ հանդիսացող ֆրանսիական խորհրդարանը:
Մենք խստորեն դատապարտում ենք ռասիստական քաղաքականությունը Ֆրանսիա արտահանելու ցանկացած փորձ, առավել ևս, երբ որպես գործիք օգտագործվում է երիտասարդ սերունդը, որին մեր խորին համոզմամբ, պետք է պատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:
Ստեղծված իրավիճակում դեսպանությունը նպատակահարմար է համարում մի քանի հարցադորւմներ անել, որոնք լույս կսփռեն իրականում տեղի ունեցածի վրա։
Ո՞րն էր ֆրանսերեն չիմացող ադրբեջանցի «ուսանողի» Ազգային Ժողովում կոնֆերանսին մասնակցելու նպատակը: Ինչպե՞ս էին այդ երկու անձինք, որոնց անունները առկա չէին կազմակերպիչների կողմից ներկայացված ցուցակում, ներթափանցել Ազգային ժողովի տարածք: Ինչպե՞ս էր ադրբեջանական դիվանագիտական մեծ պատվիրակությունը, «անսպասելի» միջադեպից րոպեներ անց ադրբեջանցի լրագրողների եւ նկարահանող խմբի ուղեկցությամբ հասել ԱԺ տարածք:
Այս հանգամանքների համադրմամբ պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է ադրբեջանական կողմի նախապես մշակված և հեռակառավարված սադրանքի հետ, որի նպատակն էր Ֆրանսիայի Ազգային ժողովը դարձնել հակահայ քարոզչության գործիք, ապակողմնորոշել հանրային կարծիքը և վարկաբեկել ֆրանսիացի այն պատգամավորներին, որոնք Բաքվի կողմից հռաչակված են «persona non grata» (օր. Ֆրանսուա Ռոշբլուանը, որը գտնվում էր դահլիճի հակառակ կողմում, երբ միջադեպը տեղի ունեցավ):
Դեսպանությունն օգտվելով առիթից ցանկանում է շնորհակալություն հայտնել ֆրանսիացի բոլոր պատգամավորներին և սենատորներին, որոնք այս ընթացքում իրենց աջակցությունն ու համերաշխությունն են արտահայտել’ դատապարտելով այս սադրանքը:
Մենք կոչ ենք անում հանդարտության և հանդուրժողականության, ինչպես նաև շուտափույթ ապաքինում ենք ցանկանում բոլոր տուժածներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում