Դամասկոսում լրջագույն կենցաղային և մարդասիրական խնդիրներ են առաջացել
Նմանատիպ
Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Անցյալ տարեվերջին սիրիական բանակի և նրան հարող տարաբնույթ ուժերի կողմից Հալեպի ամբողջական ազատագրումից հետո Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում կյանքն աստիճանաբար բնականոն հուն է ընդունում. սիրիական կառավարության և դաշնակիցների կողմից նախաձեռնվում են անհրաժեշտ միջոցներ՝ Հալեպում անվտանգային, կենցաղային և մարդասիրական առումով անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով:
Մինչդեռ Հալեպի ազատագրման ռազմագործողությանը զուգահեռ, առնվազն կենցաղային և մարդասիրական տեսանկյունից արդեն շուրջ 3 շաբաթ է՝ էականորեն սրվել է իրավիճակն արդեն ՍԱՀ մայրաքաղաք Դամասկոսում: Բանն այն է, որ դեռևս դեկտեմբերի 28-ին հակակառավարական խմբավորումների կողմից Դամասկոսից արևմուտք՝ Վադի Բարադա հովտում պայթեցվել է Այն ալ-Ֆիջա կարևորագույն աղբյուրի ջրամղման համակարգը, որն ապահովում էր Դամասկոսի ջրային պահանջարկի մոտ 70%-ը. բացի այդ, «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» ահաբեկչական կառույցի զինյալները մատակարարվող ջրին դիզելային վառելիք էին խառնել՝ մայրաքաղաքի բնակչությանը թունավորելու միտումով:
Արդեն մի քանի օր շարունակվող Վադի Բարադա հովտի համար մղվող պայքարի ընթացքում սիրիական բանակին դեռևս չի հաջողվել ամբողջական վերահսկողություն սահմանել ջրամատակարարման կայանների վրա: Բացի այդ, կառավարական ուժերի առաջխաղցմանն էականորեն խոչընդոտում է դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ հաստատված հարաբերական հրադադրի ռեժիմը, որը թեպետ չի վերաբերում Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կառույցների՝ «Իսլամական պետության»(ԻՊ) և վերոնշյալ «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» կառույցների դեմ պայքարին: Ընդ որում, նաև այս ռազմագործողությունները մեծապես ստվերում են հրադադրի ռեժիմի հեռանկարները. մի շարք ընդդիմադիր խմբավորումներ արդեն իսկ հայտարարել են ընթացիկ ամսվա վերջին Աստանայում նախատեսվող միջսիրիական բանակցություններից հրաժարվելու հնարավորության մասին, եթե կառավարական ուժերը չդադարեցնեն Վադի Բարադայի դեմ իրականացվող հարձակումը:
Վերջին ժամերին թեմայի առնչությամբ հակասական տեղեկատվություն է հաղորդվում:
Ըստ որոշ աղբյուրների՝ սիրիական իշխանությունների և ընդդիմադիրների միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ ապահովվելու է համապատասխան մասնագետների մուտքը հակամարտության գոտի՝ ջրամատակարարման կայանների գործունեությունը վերականգնելու նպատակով: Մի շարք լրատվամիջոցներ էլ նշում են, որ կառավարական ուժերը նոր մասշտաբային հարձակում են նախաձեռնել՝ կենսական նշանակության հովիտը հակառակորդից վերջնականապես ազատագրելու նպատակով:
Մյուս կողմից, հունվարի 8-ին արդեն ԻՊ-ի կողմից Հոմս նահանգի արևելքում պայթեցվել է «Հայան» գազամատակարարման կայանը, որն ապահովում էր մայրաքաղաք Դամասկոսի գազի պահանջարկի առյուծի բաժինը: Այս օրերին դեռևս անարդյունք ակտիվ ռազմագործողություններ են ընթանում նաև նշված շրջանում:
Վերոնշյալի համատեքստում կարելի է նշել, որ, չնայած բուն մայրաքաղաքում անվտանգության տեսանկյունից, ընդհանուր առմամբ, իրավիճակը բավական կայուն է, այնուամենայնիվ ներկայացված 2 ուղղություններով ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով Դամասկոսի նահանգի շուրջ 5-6 մլն բնակչություն կանգնել է ջրամատակարարման և գազամատակարարման խնդրի առջև, ինչն էական կենցաղային և մարդասիրական խնդիրների պատճառ է դարձել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում