Մարդիկ մեկ շաբաթ հետո հուսախաբված են լինելու

ՍԴՀԿ համակարգող, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը «Առավոտ» թերթի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ իրավիճակը նախ դիտարկեց Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպման համատեքստում:

«Նա ուշադրություն հրավիրեց հետեւյալ հանգամանքին. «Սերժ Սարգսյանը առաջարկել էր Րաֆֆի Հովհաննիսյանին լինել ծայրահեղ ընդդիմադիր գործիչ, իսկ նա կտրականապես հրաժարվել է եւ իր կողմնակիցներին նախապես տեղյակ չէր էլ պահել, որ՝ գիտե՞ք, նման բան էր առաջարկում ինձ նման ազնիվ մարդուն: Այն բանից հետո, երբ խոսակցություններ գնացին, եւ ձայնագրությունների հարցը շահարկվեց՝ նա հաստատեց, որ եղել է նման խոսակցություն»,- նշեց նա:

Գ. Եղիազարյանը կարծում է, որ Դաշնակցությունը, հավանական է, շատ արագ կողմնորոշվի: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանում «Ժառանգության» եւ Դաշնակցության ներկայացուցիչների ներկայացրած երեք կետերին, որոնք քննարկվել են Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, ապա մեր զրուցակիցը նկատեց. «Իշխանությունից չեն խնդրում, իշխանությունը երբեք չի տա, պետք է պարտադրել իշխանությանը՝ իրենց քայլերով»:

Ինչպե՞ս պետք է ընդդիմությունը «պարտադրի»՝ հարցրինք Գուրգեն Եղիազարյանին: «Ես կարծում եմ, որ նա (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին) ընդդիմություն չէ, հակառակ դեպքում այսքան մարդու սպասումներ հողին չի հավասարեցնի: Մարդիկ մեկ շաբաթ հետո հուսախաբված, հուսալքված են լինելու: Իսկ մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, որպեսզի ժամ առաջ դադարեցնենք արտագաղթը, որպեսզի մեր զավակները չլքեն իրենց հայրենիքը: Այս իրավիճակը երկու-երեք կոսմետիկ պահանջներով փոխել չի լինի: Ես խորհուրդ եմ տալիս ընդդիմադիր ջատագովներին՝ քիչ գովաբանեն Րաֆֆի Հովհաննիսյանին, մի քանի օր հետո խփելու են գլխներին, որ այդպես են վարվել»,- պատասխանեց նա:

Ընդհանրապես, թե ինչպիսի ավարտ կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային ալիքը, Գ. Եղիազարյանը հիշեցրեց հայտնի ժողովրդական ասացվածքը՝ «Կատվի վազքը մինչեւ մարագն է»: Մի քանի պաշտոն կտան, եւ այս ամեն ինչը կավարտվի: Ընդդիմադիր իմ հայրենակիցներին մի բան եմ խնդրում՝ հանկարծ հուսախաբ չլինեն այդ արարքից»»,- մեջբերում է «Առավոտը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում