Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնաժամկետն այսօր է

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է ծամծմել իր ասելիքը: Հանրահավաքից հանրահավաք և ասուլիսից ասուլիս նա հետաձգում է հայտարարել այն, ինչ պահանջվում է ասել իրեն հաղթող հռչակած և ժողովրդի ընդվզումը առաջնորդելու հայտ ներկայացրած գործչից: Բոլորը սպասում են ընդամենը մեկ նախադասություն՝ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ, և ուրեմն՝ պետք է շարունակել պայքարը լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար/ինչպես և ինչքան՝ այլ հարց է/: Րաֆֆի Հովհաննիսյանը սա չի անում, ժամանակ է ձգում, ընդ որում՝առանց ձևակերպելու կամ հասկացնելու, թե ինչու է «խաղում ժամանակի վրա» և ինչպես դա կարող է ազդել ռեժիմի դիրքերը թուլացնելու վրա: Փոխարենը Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է ամեն ինչից՝ հայրենասիրությունից, իրավատիրությունից, քաղաքացիական կամքից, սահմանադրության գերակա լինելուց, իր երազանքներից, իր ընտանիքի անդամների երազանքներից: Սա թերևս արդեն անլրջության է վերածվում, որովհետև քաղաքական պայքարի փուլեր կան, որտեղ առաջնային է դառնում հարթակի «իրավատիրոջ» ասելիքը: Այսօր Րաֆֆին խոստացել է որոշակիացնել իր անելիքը: Այսօր վերջնաժամկետի օրն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում