ՕԵԿ-ական Հովհաննես Շահինյանը՝ Երևանի փոխքաղաքապետի թեկնածու

«Հայկական ժամանակը» գրում է. «Քաղաքական ուժերն այս օրերին քննարկում են, թե ով ինչպես է մասնակցելու’ մայիսի 5-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին: ՀՀԿ-ն նախօրեին արդեն պաշտոնապես հայտարարեց, որ իր ցուցակը գլխավորելու է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Թե ովքեր են նրան հաջորդելու մյուս 2 տեղերում’ հստակեցված չէ: «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ ԲՀԿ-ն մարտի 5-ին կորոշի, թե ովքեր են գլխավորելու իր ցուցակը’ ավագանու ընտրություններում: Այս պահին ԲՀԿ-ի համամասնական ցուցակի աոաջին հորիզոնականի համար երեք անուններ են քննարկվում Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի անունները: «Օրինաց երկիրը» երեկ արդեն պաշտոնապես որոշել է, որ իր ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնելու է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, երկրորդ համարը նախկին հանրապետական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, երրորդ համարը բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը: Ի սկզբանե խոսվում էր, որ ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորելու է Հովհաննես Շահինյանը: Ըստ երևույթին, որոշվել է, որ Արմեն Երիցյանն ավելի շատ ձայն կարող է ապահովել կուսակցության համար: Այդուհանդերձ, խոսակցությունները, թե ընտրություններից հետո Հովհաննես Շահինյանը դառնալու է Երևանի փոխքաղաքապետ, ուժի մեջ են: «Ժառանգություն» կուսակցությունը, թերթի տեղեկություններով, չի քննարկել Երևանի ավագանու իր համամասնական ցուցակի հարցը: Քննարկումներ դեռ չի սկսել նաև Դաշնակցությունը: Ի դեպ, մեծ հարց է ՀՅԴ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, թե ոչ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում