Որ ճանապարհով կգնա ԲՀԿ-ն

Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ «Հրապարակի» աղբյուրները՝ մարտի առաջին օրերին տեղի է ունենալու ԲՀԿ ֆրակցիայի և քաղխորհրդի ընդլայնված կազմով նիստը, որը, վերջիններիս գնահատմամբ, լինելու է պատմական այն առումով, որ այդ նիստում վերջնականապես որոշվելու է, թե ուր է գնում ԲՀԿ-ն ու ում հետ, ըստ այդմ էլ որոշվելու է՝ ԲՀԿ-ն շնորհավորո՞ւմ է Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ: Նիստում քննարկվելու է նաև Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափը, ինչպես նաև հարցը, թե ով է ղեկավարելու ցուցակը:

«Կա մի քանի պլատֆորմ, որոնք արդեն ներկայացվել են ԲՀԿ առաջնորդին,- տեղեկացրեց թերթի թղթակցի հետ զրուցող ԲՀԿ-ականը: – Անորոշությունը բերել է նրան, որ ամենամեծ պոտենցիալ ունեցող քաղաքական ուժերից մեկն այսօր վերածվել է ՀՀԿ-ի բուֆերի, կորցրել է իր վստահությունը, արդեն թևավոր արտահայտություն է դարձել՝ էդ ո՞նց էր, որ Ծառուկյանն ասում էր՝ ամեն ինչ կկորցնեմ, բացի ժողովրդի վստահությունից: Ամեն ինչ չկորցրեց, բացի ժողովրդի վստահությունից, այս վիճակը, որ մեզնից բուտերբրոդ էին ցանկանում պատրաստել, առջևում՝ ՀՀԿ-ն, հետևում՝ Րաֆֆին, մեջտեղում՝ մենք, կյանքի էին ուզում կոչել դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մենք չհամաձայնեցինք, հիմա, փաստորեն, ստացվեց: Մարտի 5-ին մենք ուզում ենք, որ Գագիկ Ծառուկյանը բարձրաձայն ասի, թե ինչ է ինքն ուզում, և արդյո՞ք դա մեր ուզածն է, թե՞ ոչ»:

Ձեր համարձակությունը կների՞ այդքանը նրան ասել՝ հարցի թերթի զրուցակիցը պատասխանեց. «Այդ պլատֆորմներն արդեն իսկ ներկայացվել են նրան, եթե հայտարարում ենք, որ ընդդիմություն ենք, և միանում ենք Րաֆֆիին, ապա դիմացը քաղաքական գործընթաց է՝ Երևանի ընտրություններ, այդ դեպքում միանում ենք ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի հետ ևս, դառնում բևեռ, գնում ենք ընտրությունների, վերցնում քաղաքապետի պաշտոնը. Հանրապետականից բացի, ով հաղթեց Երևանի ընտրություններում, Հանրապետականի հետ կազմում է նոր՝ համապետական կոալիցիա, այլապես մեծ կռիվ է առաջանալու հանրապետության կես բնակչությունն իր մեջ ամփոփած Երևանի և մնացածների միջև, և սկսելու են միմյանց դեմ աշխատել: Սա սեփական դեմքը պահելու տարբերակ է, որն էլ հետագայում կապահովի մյուս քաղաքական փուլերին մեր մասնակցությունը: Սակայն չենք բացառում, որ հնարավոր է նաև Ծառուկյանը հայտարարի, որ այսօր ենք գնում կոալիցիա կազմելու, պետք է ասվի՝ ինչու և ինչպես, որովհետև այդ դեպքում արդեն մեզ համար հարցերը շատ-շատ են»,- ասաց արմատական լուծումների կողմնակից ԲՀԿ-ականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում