ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ հետընտրական զարգացումների վերաբերյալ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հրապարակած «Հետընտրական միջանկյալ զեկույց»-ը ներկայացնում է դիտորդական առաքելության նկատառումները Հայաստանում հետընտրական զարգացումների մասին:

Զեկույցում մասնավորապես նկարագրվում են այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին քվեարկությանը: Այն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանն, ով ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալներով երկրորդ տեղն է զբաղեցրել, հայտարարել է, որ ինքն է ընտրվել նախագահ և հանրահավաքներ է անցկացնում Երևանում և Հայաստանի այլ մարզերում:

«Հավաքները խաղաղ էին և իշխանությունները չէին միջամտում, սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ դրանք ապօրինի են և կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության»,- նշել են դիտորդները:

Ներկայացնելով իրենց տեսակետը հանրահավաքները ԶԼՄ-ների լուսաբանման տեսանկյունից՝ զեկույցում նշվում է, որ որոշ լրատվամիջոցներ, ներառյալ հանրային հեռուստաընկերությունը, խտրական մոտեցում են ցուցաբերել հավաքները լուսաբանելիս՝ ներկայացնելով ընդհանրական և հաճախ մակերեսային տեղեկություններ, շեշտադրելով այն փաստը, որ հավաքներն արտոնված չեն:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքների վիճարկման խնդրին՝ զեկույցում ասվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հնարավորություն է ունեցել համեմատել իրենց դիտորդների տրամադրած 55 եզրակացությունները ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տվյալների հետ. «Որևէ լուրջ սխալ չի հայտնաբերվել, միայն 12 փոքր տեխնիկական բացթողումներ՝ կապված գրանցված ընտրողների թվի հետ»:

«Մեր առաքելության կողմից պաշտոնական արդյունքների վերլուծությունը վկայում է գործող նախագահի օգտին ստացած ձայների և շատ բարձր մասնակցության ցուցանիշների միջև փոխկապակցվածության մասին: Ընտրական հանձնաժողովներում քվեարկության օրը տրվել է սահմանափակ թվով բողոքներ, և ավելի քան 80-ը՝ ընտրություններից հետո: Դրանցից գրեթե բոլորը մերժվել են: Սա մտահոգություն է առաջ բերում ընտրական գործընթացի ամբողջականության նկատմամբ: Ոստիկանությունն ու դատախազությունն ուսումնասիրել են ավելի քան 300 հնարավոր իրավախախտումներ և դրանցից մոտ 10-ի դեպքում հարուցել են քրեական գործեր»,- նշում են զեկույցի հեղինակները:

Դիտորդները նաև նկատել են, որ Ոստիկանության և Գլխավոր դատախազության՝ ընտրությունների առնչությամբ դեպքերի հրապարկումներում երբեմն նշվում են անուններ, հեռախոսահամարներ և հասցեներ, ինչը, ըստ դիտորդների՝ մտահոգիչ է, քանի որ անձնական տվյալների բացահայտում է և կարող է վախի ներշնչման պայմաններ ստեղծել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու մի շարք դեպքերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում