Amnesty International-ը Հայաստանին կոչ է անում հետաքննել ընտրությունների ժամանակ մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների առնչությամբ տարածել է հաղորդագրություն, որում Հայաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված ընտրախախտումների, ընտրողներին ու միջազգային դիտորդներին ահաբեկելու դեպքերը, երաշխավորել հետընտրական բողոքի ակցիաների մասնակիցների անվտանգությունը, փոխանցում է Tert.am-ը:

«Այսօր, երբ հազարավոր հայաստանցիներ, ի նշան ընտրակեղծիքների դեմ բողոքի, հավաքվում են Երևանի Ազատության հրապարակում, Amnesty International-ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել մարդու իրավունքների խախտումների դեպքերը, որոնք գրանցվել են ընտրությունների ժամանակ: Փետրվարի 18-ին կայացած ընտրությունների և նախընտրական քարոզարշավի վերաբերյալ միջազգային միջկառավարական դիտորդների տված հիմնականում դրական գնահատականը չպետք է հիմք ծառայի Երևանի համար՝ ընտրությունների ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրություններն անտեսելու համար:

Amnesty International-ը ստացել է ընտրությունների ընթացքում բռնության դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդագրություններ, որոնք վերաբերում են նաև ընտրողներին ու դիտորդներին ահաբեկելուն ու նրանց նկատմամբ ուժ կիրառելուն: Եվ մտահոգիչ է, որ որոշ դեպքերում Հայաստանի իշխանությունները չեն կարողացել պատշաճորեն պաշտպանել նրանց և ընտրախախտումների վերաբերյալ օպերատիվ և պատշաճ հետաքննություն անցկացնել:

Միջազգային դիտորդ Նարինե Էսմայիլին փետրվարի 18-ի Հայաստանի ընտրությունների ժամանակ Արտաշատի 17/5 ընտրատեղամասում հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից բռնության և սպառնալիքների է ենթարկվել, երբ բողոքել է ընտրախախատումների դեմ: Նարինե Էսմայիլին հայտնել է, որ ինքը տեսել է, թե ինչպես են 25-30 մարդ մտել ընտրատեղամաս ու «շրջափակել» քվեատուփը: Ընտրատեղամասը վերահսկող ոստիկանության աշխատակիցն անտեսել է դիտորդի այն խնդրանքը, թե թույլ մի տվեք, որ 15-ից ավելի մարդ մտնի ընտրատեղամաս, քանի որ դա հակասում է քվեարկության կաննոներին (15-ից ավելի մարդ չի կարող միաժամանակ գտնվել քվեարկության սենյակում-Tert.am):

Երբ նա փորձել է բողոքել, տղամարդկանցից մեկը նրան հրել է դեպի պատը և բռնել նրա երկու ձեռքերը, և հանձնաժողովի ներկայացուցիչը բացել է քվեատուփը և թույլ տվել, որ այդ մարդիկ տոպրակով լի քվեաթերթիկներ լցնեն քվեատուփի մեջ: Նարինեի խնդրանքով դեպքի վայր ժամանած ոստիկանները, կատարվածը հետաքննելու փոխարեն, դիտորդին խորհուրդ են տվել «լավ աղջիկ լինել» և խնդիրներից խուսափելու համար լրատվամիջոցներին որևէ բան չասել:

Մի քանի այլ լրագրողներ ևս հայտնել են, որ իրենց սպառնացել են, և խոչընդոտվել է իրենց մասնագիտական գործունեությունը: Aravot.am և Asparez.am կայքերի լրագրողները հայտնել են, որ ինչ-որ մարդիկ սպառնացել են «կտրել իրենց վիզը», եթե նրանք փորձեն նկարահանել ընտրախախտումները Գյումրիում:

Երկու այլ կին լրագրողներ՝ Մարին Խառատյանը 1in.am կայքից և Գայանե Սարիբեկյանը Hraparak պարբերականից, Երևանում գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի դիմաց հարձակման են ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից: Հարձակվողները վիրավորել են նրանց, խլել տեսախցիկներն ու նրանց թույլ չեն տվել մուտք գործել նախընտարական շտաբ:

iDitord նախագիծը (ընտրախախտումների մասին տեղեկություններ հավաքագրող) բարձրաձայնել է մոտ 400 ընտրախախտման մասին, որոնց թվում եղել են նաև սպառնալիքների, բռնությունների, պաշտոնյանների կողմից ճնշումներ գործադրելու դեպքեր: Հաղորդվում է , որ Փոքր Մանթաշի գյուղապետն ու նրա եղբայրը նույնիսկ թույլ չեն տվել, որ գյուղացիները լրացնեն քվեաթերթիկները և քվեարկել են նրանց փոխարեն:

Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ «Գալա» անկախ հեռուստաընկերության կայքը, որը փետրվարի 18-ին բարձրաձայնել է ընտրախախտումների մասին, հաքերային հարձակումների ենթարկվելուց հետո օրվա երկրորդ կեսին անհասաանելի է եղել:

Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ լրագրողները կարող են իրենց գործունեությունը ծավալել առանց սպառնալաիքների և հետապնդումների, իսկ քաղաքացիները կարող են ազատորեն իրացնել իրենց քաղաքական իրավունքները:

Amnesty International-ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բոլոր ընտրախախտումների վերաբերյալ օպերատիվ և անկողմնակալ հետաքննություն անցկացնել և բոլոր մեղավորներին պատասախանատվության ենթարկել: Իշխանությունները նաև պետք է երաշխավորեն հետընտրական բողոքի ակցիաների և հանրահավաքների մասնակիցների անվտանգությունը»,- մասնավորապես նշվում է զեկույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում