Տավուշում ապօրինի ծառահատման գործով մեղադրյալը տուգանք կվճարի

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը’ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, Գևորգ Օթարյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր վնասի պատճառմամբ ապօրինի ծառահատում և դատապարտեց տուգանքի’ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի՝ 600.000 ՀՀ դրամի, չափով:

«Փաստինֆո» գործակալության տեղեկացմամբ՝ դատավճռով մասնակիորեն բավարարվեց քաղաքացիական հայցը՝ ամբաստանյալ Գևորգ Օթարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի 1.924.500 ՀՀ դրամ’ որպես պետությանը պատճառված նյութական վնասի վերականգնում:

Այսպիսով դատարանը հիմնավորված համարեց 19 հատ հաճարենու ապօրինի հատման փաստը, դրանց սակագինը, դատարանի գնահատմամբ կազմում է 662.500 ՀՀ դրամ, պետությանը պատճառված ընդհանուր վնասը՝ 1.924.500 դրամ:

Դատարանը գտավ նաև, որ գործի ապացույցներով հերքվում է նախաքննական մարմնի այն հետևությունը, թե նշված 19 ծառերից բացի ամբաստանյալը ապօրինի հատել է ևս 4 հատ հաճարենի ու 1 հատ թխկենի: Հետևաբար, ամբաստանյալի մեղադրանքի ծավալից դատարանը հանեց 4 հատ հաճարենու ու 1 հատ թխկենու ապօրինի հատման հանգամանքը՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի հետևյալ պահանջով, ըստ որի դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը և չի խախտվում նրա պաշտպանության իրավունքը:

Դատարանն այս կապակցությամբ գտավ, որ պատկան պետական մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն այդ 5 ծառի ապօրինի հատումը կատարած անձին հայտնաբերելու, նրան իրավական պատասխանատվության ենթարկելու և այդ հինգ ծառերի ապօրինի հատմամբ պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում