«Լինելով աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Երևանն ուրույն հետաքրքրություն է ներկայացնում նաև զբոսաշրջային առումով»

Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է Երևանում անցկացվող «CTS 2013» 12-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպիչներին մասնակիցներին:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին և ներկայացնելով զբոսաշրջային ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքապետարանի դիրքորոշումն ու իրականացվող ծրագրերը, Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ լինելով աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Երևանն ուրույն հետաքրքրություն է ներկայացնում նաև զբոսաշրջային առումով.

«Քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ քննարկելու և կյանքի կոչելու զբոսաշրջության խթանմանն ուղղված տարբեր ծրագրեր»,- նշել է քաղաքապետի խորհրդականն ավելացնելով, որ Երևանում կազմակերպված միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն իր հերթին ոլորտում գործընկերային կապերի հաստատման ու ընդլայնման կարևոր հարթակ է:

Ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ճամփորդական գործակալների հայկական միության նախագահ Սիմոն Խաչատուրյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը հատկապես վերջին տարիներին զգալի քայլեր է ձեռնարկում՝ ուղղված զբոսաշրջային ոլորտի զարգացմանը. «Համոզված եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած այս քաղաքականությունը շարունակական կլինի և այսուհետ ևս զբոսաշրջային ընկերությունները քաղաքապետարանի աջակցությունը կունենան»,- նշել է Ճամփորդական գործակալների հայկական միության նախագահը:

Հանդիպմանը ներկա Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության վարչության անդամ Թենգիզ Քելեկչին, ով նաև Վան-Երևան չվերթների նախաձեռնողներից է, նշել է, որ Հայաստանում ու մասնավորապես Երևանում շատ նոր հետաքրքրություններ է բացահայտել, որոնք կարող են խիստ գրավիչ ու հետաքրքիր լինել ամենատարբեր ուղղվածության զբոսաշրջային տուրերի մասով:

Հանդիպման վերջում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում կքննարկվեն զբոսաշրջային ոլորտում գործակցությանն առնչվող առավել կոնկրետ հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում