«Հա՛յ կինոսերի համար ո՞վ պետք է մտածի». Պ.Հայրիկյանը կոչ է անում բոյկոտ սկսել «Մոսկվա» կինոթատրոնի դեմ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ բարձրաձայնելով «Մոսկվա» կինոթատրոնի տոմսերի վրա բացակայող հայատառ տեղեկատվության մասին: 

«Վերջապես որևէ մեկը պե՞տք է բարձրաձայնի այս անհեթեթությունը թե՞ ոչ: Հայաստանի ամենամեծ ու ճանաչված կինոթատրոն՝ «Մոսկվա» կինոթատրոն այցելու և ֆիլմ դիտելու համար մարդ առնվազն պետք է ռուսերեն կարդալ իմանա:

Ենթադրենք մարդ ռուսական կրթություն չի ստացել, ուրեմն նա չի կարող կարդալ, թե որ դահլիճում է ցուցադրվելու ֆիլմը, որն է իր շարքը ու նստարանը: Մի՞թե պետք է հանդուրժենք սա: Ռուս զբոսաշրջիկների համար ստեղծվում են բոլոր անհրաժեշտ հարմարությունները, տոմսերի վրա իրենց մայրենի հասկանալի լեզվով գրում են ռեկվիզիտները, իսկ հա՛յ կինոսերի համար ո՞վ պետք է մտածի: Ուղղակի փալասանում ենք ռուսների ոտքի առջև:

Սա ես զուտ բարոյական տեսանկյունից նշեցի, իսկ իրավական կողմից սա սեփական օրենքների հանդեպ խայտառակ մերժողականություն է: ՀՀ Լեզվի մասին օրենքի Հոդված 1-ը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Իսկ սույն օրենքի հոդված 4-ի գ) կետում հստակորեն նշվում է, որ ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն’ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

Այսինքն ընդունելի կլիներ, որ հայերենով կազմված ռեկվիզիտները տառադարձվեին ռուսերեն: Իսկ ավելի հստակ՝ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել երկու և ավելի օտար լեզուներով, որոնց ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի հայերեն շարադրանքի ծավալը (մակերեսը) և չներառի տեղեկատվություն, որը ներառված չէ հայերեն շարադրանքում։

Ի՞նչ պատճառաբանություն սա կարող է արդարացնել ես չեմ հասկանում: Նվազագույն դեպքում պետք է պատճառաբանեն, թե ռուս զբոսաշրջիկների համար նպատստավոր պայմաններ են ստեղծում, խթանում են զբոսաշրջիկությունը և նմանատիպ այլ աբսուրդային բացառություններ: Սակայն տեսեք ինչ է ստացվում. Փաստորեն ստացվում է այն, որ լեզվի կամ գովազդի մասին օրենքի իրականացման մեջ բացառություններն ավելի գործող են քան օրենքի բուն մասը:

Առաջարկում եմ բոյկոտ սկսել «Մոսկվա» կինոթատրոնի նման անհեթեթ գործունեության դեմ, և պահանջել, որպեսզի տոմսերի մեջ նույն ռեկվիզիտները տառադարձվեն նաև հայատառ»,-գրել է Պ.Հայրիկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում