Իրանի միջուկային օբեյկտները բաց են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների համար

Մինչ ԱՄՆ-ը փորձում է աշխարհին համոզել, որ Իրանի միջուկային ծրագիրը չի հետապնդում խաղաղ նպատակներ և անհրաժեշտ է խստացնել այդ պետության նկատմամբ պատժամիջոցները, Իրանը ստեղծում է նոր սերնդի երեք հազար ցենտրիֆուգ, որոնք մոտ ժամանակներս կփոխարինեն հներին: Այդ մասին հաղորդել է Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին:

«Գիտական ներուժի աճը նպաստում է էներգետիկական արդյունաբերության զարգացմանը եւ Արեւմուտքի պատժամիջոցներին դիմակայելու երկրի հնարավորությունների մեծացմանը»,- ընդգծել է Դավանին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում արդեն տեղակայվում են նոր սերնդի ցենտրիֆուգներ, ինչի մասին Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) ծանուցել է հունվարի 23-ի նամակում: Իրանցի ատոմագործները պլանավորում են օգտագործել IR-2m մոդելի ցենտրիֆուգներ, որոնք թույլ են տալիս արագացնել ուրանի հարստացման գործընթացը:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ Դավանին նաեւ հավաստիացրել է, որ միջուկային օբյեկտներում կատարվող աշխատանքները թափանցիկ են, եւ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կարող են այցելել այդ օբյեկտներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում