ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ցույց կանցկացվի

Մի խումբ ակտիվիստներ հայտարարություն են հարածել՝ տեղեկացնելով, որ մարտի 4-ին’ ժամը 15:00-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև տեղի է ունենալու բողոքի ցույց՝ ի նշան խորը հիասթափության և անհամաձայնության ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ կեղծված ընտրությունների հետևանքով նախագահի պաշտոնում վերանշանակված Սերժ Սարգսյանին շնորհավորելու առնչությամբ:

«Ժողովրդավարական համարվող ազդեցիկ պետությունների այսօրինակ վարքագիծն արժեզրկում է ժողովրդավարության գաղափարը՝ այն դարձնելով որպես գործիք իրենց անձնական տարածաշրջանային շահերն առաջ մղելու համար՝ ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի:

Այն պետությունները, որոնք, ընդունելով կեղծված ընտրությունների արդյունքները, լեգիտիմացնում են Հայաստանում ձևավորված հանցավոր ռեժիմին, խոչընդոտում են Հայաստանում ժողովրդավարության, հետևապես՝ պետականության կայացմանը:

Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարողանում դիմակայել այն գերտերություններին, որոնք ինչ-ինչ քաղաքական խնդիրներ են լուծելով ճնշումներ են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստիպելով գնալ հակապետական գործարքների: Նախորդ 5 տարիների ընթացքում զոհասեղանին դրվեց ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, ապա նաև ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքի տեքստերից անուղղակիորեն հետևում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության այս ժամկետի համար պահանջվելու է զոհաբերել Արցախը»,- նշվում է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում