Ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 76 դեպք է քննում

ՀՀ նախագահի ընտրությունների հետընտրական ժամանակահատվածում կատարված ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում 76 դեպք:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղակատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվող դեպքերից 17-ը վերաբերվում են ընտրակաշառքներին, 25-ը’ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 13-ը’ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը’ ընտրատեղամասում կատարված վիճաբանությանը և սպառնալիքին, 4-ը’ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 5-ը’ ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 2-ը’ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին ու դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն և 5 այլ խախտումներ’ կապված ընտրացուցակների անճշտությունների և ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ: Նշված 76 ահազանգերից 42-ը ստացվել է Երևան քաղաքում, իսկ 34-ը’ մարզերում:

Դեպքերից 42-ի վերաբերյալ ահազանգեր են ստացվել քաղաքացիներից, 29-ը ստացվել են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբներից, 5-ը’ ՄԻՊ գրասենյակից: Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր:

76 դեպքերից 42 նյութով որոշում է կայացվել’ քրեական գործի հարուցումը մերժելու մասին և 15 նյութեր եզրակացությամբ շարք են կցվել’ թողնվելով անհետևանք, 4 նյութ ուղարկվել է ՀՔԾ, 1 նյութ միացվել է Էրեբունու քննչական բաժնում ընտրախախտումների փաստով հարուցված քրեական գործին, 14 նյութ գտնվում է ընթացքի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում