Դատարանը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

ՀՀ վարչական դատարանը’ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, երեկ մերժեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

«Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ դատարանի նման որոշումը՝ Սահմանադրական դատարան վիճարկելու հարց է առաջացնում, քանի որ չի կարող քարոզչական նյութ պարունակող պաստառը մի տեղում լինել քարոզչական, իսկ մյուս տեղում՝ ոչ. «Քաղաքացին, որը նայում է պաստառին՝ անկախ դրա չափերից, նա քարոզչական տեղեկատվություն է ստանում, ուստի ես կարծում եմ, որ սա ևս մեկ հարց է ՍԴ դիմելու»:

Հիշեցնենք, որ Ր.Հովհաննիսյանը վիճարկում էր ՀՀ ԿԸՀ անգործությունը և պահանջում ԿԸՀ-ին պարտավորեցնել «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների ու դրանց վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրանց ծախսերը ներառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ» և անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ թիվ 60-Ա որոշումը:

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում էր ներկայացրել վերոհիշյալ խնդրով՝ խնդրելով ԿԸՀ-ից դիմել դատարան՝ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Փետրվարի 25-ի որոշմամբ ԿԸՀ-ն մերժել էր Ր.Հովհաննիսյանի դիմումը: ԿԸՀ-ն արձանագրել էր, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված այն դեպքը, երբ ընտրական հանձնաժողովն առանց նախազգուշացման ուղղակի դիմում է դատարան՝ թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով, վերաբերում է բացառապես այնպիսի խախտումներին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: ԿԸՀ-ն արձանագրել է նաև, որ բողոք ներկայացնող անձը չի ներկայացրել իրավական հիմնավորումներ կամ պատճառաբանություններ՝ հիմնավորելու իր կողմից ներկայացված փաստերի ազդեցությունը ընտրությունների արդյունքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում