Հարսնաքարի հսկա խաչը տեսանելի է ադրբեջանական դիրքերից

Տավուշի մարզի Բաղանիս գյուղում փետրվարի 13-ին երիտասարդ գյուղապետ Նարեկ Սահակյանի նախաձեռնությամբ կանգնեցվել է Հայաստանի անկախության համար նահատակվածների հիշատակի խաչքար: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը:

«Գյուղապետարանի առաջ կանգնեցվել է 13,5 մ բարձրությամբ դրոշակաձող, որի վրա ծածանվում է հայոց եռագույն դրոշը: Գյուղի բարձունքին, ադրբեջանական դիրքերին դեմ-հանդիման, հնադարյան սրբատեղի Հարսնաքարում կանգնեցվել է մեծ խաչ, որը գիշերները լուսավորվում է: Այն մշտապես տեսանելի է Փայտասարի լանջերին տեղակայված ադրբեջանական դիրքերից: Հարսնաքարը հին սրբավայր է, չափերով ոչ մեծ խաչը այստեղ հառնում էր նաեւ խորհրդային տարիներին: 1990թ. օգոստոսին սրբավայրը ռմբակոծվել է խորհրդային ռազմական ուղղաթիռների կողմից: Հավելենք, որ 832 բնակիչ ունեցող Բաղանիսը հայ-ադրբեջանական զինված հակամարտության տարիներին ուժեղ հրետակոծվել եւ գնդակոծվել է, ունեցել 8 զոհ»,- գրում է «Առավոտը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում