Զգուշացեք տուրիստական գործակալություններից

Գաղտնք չէ, որ տարբեր ուղղություններով հանգստի ուղեգրեր առաջարկող տուրիստական գործակալություններն ամեն ինչ անում են՝ ամառվա ամիսներին եւ Ամանորի տոների ընթացքում հնարավորինս շատ հաճախորդներ ունենալու, ըստ այդմ՝ մեծ գումարներ վաստակելու համար։ Այդ մասին գրում է«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Իսկ դրա համար կարեւոր նախապայման է առաջարկվող ուղեգրում նախատեսվող հանգստի պայմանները իդեալական ներկայացնելը։
Դուբայ կատարած իրենց այցելությունից վերադարձած Առաքելյանների, Գեղամյանների ու Հակոբյանների ընտանիքները նշում են, որ Տերյան 62 հասցեում գտնվող «GO TRAVEL» տուրիստական գործակալությունում իրենց խաբել են ու 10 հոգու փոխարեն 8 հոգու համար նախատեսված սենյակներ են տրամադրել։ Ավելին, իրենք շվեդական նախաճաշից օգտվելու համար վճարել են յուրքանչյուր անձի համար երեսուն հազարական դրամ, սակայն իրականում շվեդական հյուրասիրություն չի եղել։

«ՉԻ»-ն քաղաքացիների բողոքի առնչությամբ զրուցեց նաեւ «GO TRAVEL»-ի տնօրեն Լիանա Սահակյանի հետ, որը նշեց. «Այդ մարդիկ եկել են մեզ մոտ եւ ցանկացել են օգտվել ամենամատչելի ծառայություններից։ Մենք ունենք մեր խոսակցության տեսագրությունը։ Մենք մեղավո՞ր ենք, որ իրանք ուզել են էժան ծառայությունից օգտվել»։

Ի դեպ, «ՉԻ» զրույցից հետո «GO TRAVEL»-ի աշխատակիցները Դուբայ մեկնած եւ խաբված այն քաղաքացիներին, որոնք Դուբայում բազմոցների վրա են քնել, փոխհատուցում են առաջարկել՝ երկու քաղաքացուն տրամադրել Ծաղկաձորի տոմսեր՝ միայն գիշերակացով եւ առանց սննդի։ Նրանց առաջարկը մերժվել է։ Խաբված քաղաքացիները նշում են, որ տուրիստական գործակալությունը իրենց պետք է վերադարձնի 550 հազար դրամ, ինչը չի անում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում